Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա քայլեց առաջ։ Միքայելը գնում էր կից առ կից։ Նա առիթ էր որոնում խոսելու, և ահա հենց առաջին խոսքերից Շուշակիկը դարձյալ սառը ջուր է ածում նրա վրա։ Կրկին նրա ինքնասիրությունը վիրավորվեց, մի՛թե երբեք չպիտի կարողանա կոտրել այդ աղջկա հպարտությունը։

— Ասացեք, ի սեր աստծո,— արտասանեց նա, փորձելով համարձակ նայել նրա աչքերին,— ինչո՞ւ համար եք դուք ինձանից փախչում։

— Ես ձեզանից փախչո՞ւմ եմ,— կրկնեց Շուշանիկը կիսահեգնաբար,— ո՞վ ասաց։

— Այդ չէի ուզում ասել... Դուք, դուք ինձ վրա վատ աչքով եք նայում։

Օրիորդի դեմքով անցավ դժկամության ժպիտը։ Նա մտածեց, որ Միքայելը դարձյալ ուզում է փորձի ենթարկել իր ամոթխածությունը։ Նա հետ դարձավ և քայլերն ուղղեց դեպի տուն։ Մի րոպե Միքայելն ընթանում էր նրա հետ լուռ։ Նա կանգ առավ, ձեռը սեղմելով ճակատին. ասե՞ր, արդյոք, բոլորը, ինչ որ կուտակվել էր սրտում, թե՞ զսպեր հպարտությամբ։ Օրիորդը հետ նայեց և նույնպես կանգ առավ, հարկավ, քաղաքավարության համար։ Նրա դեմքի անտարբեր արտահայտությունը, աչքերի մեջ խաղացող թեթև արհամարհանքը կատաղեցնում էին Միքայելին, միևնույն ժամանակ ճնշում, հաղթահարում։

— Օրիորդ, ես ձեր առջև մեղավոր եմ, խնդրում եմ, մոռացեք իմ հանդգնությունը։ Օրիորդ, ես սխալված եմ եղել, ներումն եմ խնդրում, ես ձեզ չէի ճանաչում։ Գիտեմ, դեռ ձեր սրտում ոխ եք պահում իմ դեմ։ Դուք առաջ ինձ նայում էիք զզվանքով, այժմ ցավակցությամբ։ Այդ ինձ վիրավորում է և ստորացնում իմ աչքում։ Ատեցե՛ք ինձ, թշնամացե՛ք, բայց մի՛ արհամարհեք։ Արհամարհանքն ինքնասերի մեծագույն պատիժն է։

— Չեմ հասկանում, ինչո՞ւ համար եք այդ ասում։ Ես ձեզ չեմ կարող ո՛չ ատել, ո՛չ արհամարհել։ Ի՞նչ կապ կա մեր մեջ, բացի այն, որ դուք տեր եք, ես ձեր ծառայի եղբոր աղջիկը։ Մի՞թե ինձ նման մի աննշան էակ կարող է ձեզ ստորացնել