Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն օրերին, անցան, գնացին, մորդ սրտում դառը վիշտ թողնելով։ Այժմ ձայնդ խեղդվել է կոկորդումդ, չես երգում, մատներդ կոշտացել են տնային աշխատանքից, պիանո չունես, որ նվադես։ Որդի, շատ մի՛ մտածիր, համբերիր։ Ա՜խ, սև լիներ այն օրը, երբ հայրդ կոտր ընկավ, եկավ այս սև աշխարհը։ Ասա, ի՜նչ է պատահել, որդի...

Շուշանիկը նստած էր լուսամատի առջև, ձեռները ծնկներին դրած, գլուխը կրծքին թեքած։ Մոր համառ հարցերին ու մրմունջներին պատասխանում էր գլխի բացասական շարժումներով և խնդրում հանգիստ թողնել իրեն։ Եվ ի՜նչ ասեր, մի՜թե բոլորը խոստովաներ։ Օ՜օ, ո՛չ, խեղճ կինն ամոթից կխելագարվի, թե լսի, որ նրա աղջիկը սիրահարված է ամուսնացած մարդու վրա։ Թո՛ղ, մայրիկ, թո՛ղ նրան հանգիստ։ Նա ոչ մի ցավ ու հոգս չունի։ Թո՛ղ, որ գնա երեխաներին դաս տա, աղախնին օգնե, հորը ծառայի։

Եվ նա, այլևս չկարողացավ զսպել իրեն, հեկեկաց ու վազեց դուրս։

Մայրն ապշած նայեց հետևից, ծանր հառաչելով։

VIII

Երբեմն Անտոնինա Իվանովնան իրեն հարցնում էր, արդյոք, կյանքի մանր պակասություններին խոշորացույցով չի նայում և աննշան բաներից ստեղծում իր համար մեծ դժբախտություն։ Արդարև, եթե չի կարող շրջանն իրեն հարմարեցնել, ինչո՞ւ չհամակերպվել։ Եթե չի կարող սիրել ամուսնուն, ինչո՞ւ չհարգել նրան իբրև օրինավոր մարդու։

Սակայն այս մտքերը ծխի պես օդն էին ցնդում, երբ մտածում էր, թե ինքը մի ծանր բեռ է Ալիմյանների համար, երբ մանավանդ Սմբատի աչքերի մեջ նշմարում էր հազիվ զսպված ատելությունը։ Հաճախ հարցնմում էր իրեն, ինչպե՞ս եղավ, որ կյանքը կապեց այդ մարդու հետ։ Եվ միշտ հանգում էր նույն պատասխանին, թե դա մի պատահական դեպք էր, վիճակախաղ։ Մի չար ոգի րոպեաբար մթագնեց նրա ուղեղը և դրդեց նրան ընկնել դեռ լավ չճանաչած մի