Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատանին այժմ ուտում ու խմում էր «դաստիարակի» ճաշակով։

Ալեքսեյ Իվանովիչը նախ հանդիմանեց սպասավորեն, որ իսկույն չի փոխում սփռոցը, մի քանի անգամ արտասանեց «ֆիդոն», ապա սկսեց կերակուրներ ընտրել։ Մի քառորդ ժամ նա բացատրում էր սպասավորին, թե այսինչ կերակուրն ինչպես պիտի պատրաստել տալ, մի քառորդ ժամ էլ խոսեց խմելիքի մասին։

— Այդ ո՞ւմ ես նայում,— հարցրեց նա, տեսնելով, որ Արշակն աչքերը չի հեռացնում Սմբատի սեղանից։

— Նայում եմ եղբորս և զարմանում, թե ինչ տեսակ մարդկանց հետ է այժմ նստում, վեր կենում։ Վա՜յ Ալիմովների անունին։

— Աա՜ա, ուրեմն այդ մարդիկ արհամարհանքի՞ են արժանի։ Բայց, սիրելիս, այդպես մի՛ նայիր։ Գլուխդ բարձրացրու, ծոիր մի քիչ դեպի մի կողմ և անշեղ հայացքով մտիկ արա, այսպես ասած, ուղիղ նրանց ոտներին։ Այդ կնշանակե, որ արհամարհում ես նրանց։ Աա՜, այ այդպես, հիանալի է, վկա է աստված, դու արժանի էիր Պիտերում ծնվելու։ Գարսո՛ն, խավյարը շուտով բեր...

Եվ նա, պենսնեն մի կողմ դնելով, սկսեց առայժմ ոչնչացնել թարմ խավյարը կանաչ սոխի հետ։

— Արզաս,— շարունակեց նա դաստիարակել իր աշակերտին,— ուտելիս չի կարելի ամբողջ իրանով սեղանին թեքվել այդ օրիենտալ է։ Գլուխդ միշտ բարձր և կուրծքդ միշտ սեղանից հեռու պահիր։ Կեր, այսպես ասած, անփույթ եղանակով, ժպտա, ծիծաղիր, զվարճախոսիր, այնպես, որ իբր բոլորովին քաղցած չես։ Այո՛, այդպես, սիրելիս, հիանալի՛ է... մի փոքր առաջ ես թատրոնում ուզեցա նկատողություն անել քո բարևելու եղանակի առթիվ, բայց անհարմար էր։ Լսի՛ր. երբ կանանց ես բարևում, միշտ պիտի աշխատես, այսպես ասած, նրանց երեսին նայել ուղիղ և ժպտալ։ Հետո գդակդ վերև մի՛ բարձրացնիլ, այլ դեպի մի կողմ, և հանկարծակի, այսպես ասած, ներվային շարժումով։ Վերցրու, մի կիսաշրջան արա ու հետո դիր գլխիդ։ Պետք է ասած, որ այս քաղաքում ոչ ոք չգիտե կանանց