բարևելու նորագույն ձևը, և դու առաջին օրինակը կտաս։ Ահա ամառը կգնանք Ֆրանսիա, և Փարիզում ամեն բան կսովորես։ Գնալ՞ու ենք, թե՞ չէ, ասա՛։
— Իհարկե, իհարկե, ես արդեն քեզ հրավիրել եմ, և պիտի գնանք։
— Նու, բարեկամ, կարծեմ, քեզ այնքան փող չեն տալ, որ ինձ էլ կարողանաս հետդ մանածել, աա՞։
— Ո՞վ կհամարձակվի չտալ։
— Ո՞վ․ իհարկե թանկագին փեսաս... Նու, եղբայր, այդ մարդը բոլորիդ, այսպես ասած, գերի է դարձրել։ Իսկ ինքը, տես, ինչպես է քեֆ անում, այն էլ, այսպես ասած, ընտանիքի տեր լինելով։
— Նա անում է, ես էլ կանեմ։ Նա ինձ չի կարող արգելել։ Ես իմ փողերն եմ ծախսում։
— Իմ կարծիքով էլ այդպես է, բայց դու բավականաչափ, այսպես ասած, էներժիկ չես։ Պահանջի՛ր, եղբայր, պահանջի՛ր, և նա կտա։ Դու նրա հետ հավասար ժառանգ ես։ Գարսո՜ն, այս գինին շատ էլ ընտիրներից չէ, հինը, հինը չունե՞ք։ Նու՛, այդ էլ բեր, փորձենք․․․
Սմբատը վիճում էր սեղանակիցների հետ և, կարծես, չէր նկատում եղբորն ու աներձագին։ Նրա սեղանին մոտեցավ մի հարբած երիտասարդ, բարձրահասակ, հաղթանդամ, կարմրադեմ։ Ձեռները վարտիքի գրպանները դնելով, հայացքը հառեց Սմբատի երեսին, աջ ու ձախ երերվելով։
— Տե՛ս, Ալեքսեյ Իվանովիչ, սկանդալ է լինելու,— շշնջաց Արշակը սեղանակցին։
— Ո՞վ է այդ վայրենին, իմ կարծիքով շատ բութ երես պիտի ունենա,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը, նայելով անծանոթի ոտներին։
— Պետրոս Ղուլամյանի քրոջ որդին է, քաղաքի առաջին սկանդալիստը։
— Աա՜,— արտասանեց Ալեքսեյ Իվանովիչը, շտապելով հայացքն անծանոթից հեռացնել։
Հանկարծ հարբածը գոչեց․
— Դուք ի՞նչ փիլիսոփայություն եք անում ազնվության