— Ադա, կռանդ[1] բեց ըրա, վըեր չանս լեցնեմ,— ասում էր մյուսը:
— Տղերք, ղզղաններդ լյավ տքացրեք, էլ ըտենց տոպկա[2] չեք տեսնիլ...
— Յավաշ, պառը[3] գլխներիդ չի կյա...
— Ադա, շուռ տուր բըրաբանը[4]...
Հայ մշակների մեջ կար մի պատկառելի ծերունի՝ Գասպար անունով։ Նա մի ժամանակ եղել էր գյուղական տանուտեր ու հարուստ և «գիտեր մեծամեծների հետ նստել, վեր-կենալը»։ Նա մեկ-մեկ առաջարկում էր «աղաների» կենացները և գոռում՝ «հուռա՜ա՜»։ Ամբոխը ձայնակցում էր նրան, բաժակները վերև բարձրացնելով։ Երբ հերթը հասավ ինժեներ Սուլյանի կենացին, տիրեց անհարմար լռություն։ Ամբոխը չկարողացավ կեղծել: Ոմանք մի քիչ գինի կում անելով, բաժակները հետ դրեցին, իսկ շատերը բոլորովին չխմեցին։
— Գյադա մարդ է,— շշնջում էին միմյանց ականջին,— մեջն աղայություն չկա։
Այնինչ, Սուլյանը, ժպիտը երեսին, մի ձեռը կողքին հենած, մյուսով բեղերը ոլորելով նայում էր քծնությամբ Միքայելի դեմքին, շարունակ հետևելով նրան։ Այսօր ինժեները մտադիր էր նրա միջոցով Սմբատին խնդրել, որ Ալիմյան ֆիրմն իր համար գնե մի բաժին ինչ-որ նոր կազմվող նավթային ընկերության մեջ։
Դարբասի առջև կանգնեց Սմբատի կառքը։ Սև ծովը խլրտվեց, ոտքի կանգնեց։ Գալիս էր այն մարդը, որը, հանքերը ոտ դնելու օրից, աշխատել էր բանվոր դասի կյանքը բարվոքել։ Ա՜խ, որքան նա փոխվել է վերջին ժամանակ. դեմքը կարմրել է և մի փոքր ուռել, աչքերը լայնացել են ու արյունով լցվել։ Մի՜թե այդպես շուտ են ազդել նրա վրա անքուն գիշերներն ու սուր ըմպելիքները։