— Հուռռա՜,— գոչեց ամբոխը Գասպարի նշանով։
Սմբատը ձեռով նշան արավ, որ ոչ ոք տեղից չշարժվի։
Բայց հոգով ուրախ էր, որ ամբոխն այսպես հարգում ու սիրում էր իրեն։ Մոտեցավ Միքայելին, հարցրեց՝ արդյոք, գո՞հ է իր կարգադրությունից։
— Ո՛չ,— պատասխանեց Միքայելը հակիրճ։
— Ինչո՞ւ։
— Ես կեղծ բաներ չեմ սիրում։
— Կե՞ղծ,— զարմացավ Սմբատը։
— Այո՛, ես այդ բոլորը կեղծ եմ համարում։ Իրենց փողերով խեղճերի համար տոնախմբություն եք սարքում ու կարծում եք՝ մեծ բարություն եք անում։
— Ես բնավ այդպես չեմ կարծում։
— Ո՛չ, կարծում ես։ Դուք, բոլոր դեմոկրատներդ, այդպես եք... Ես բուրժուա եմ, ես այդպիսի բաներ չեմ սիրում...
Նա հեռացավ։ Սմբատը զարմացած նայեց հետևից, ուսերը վեր քաշելով։
Անտոնինա Իվանովնան շարունակ դիտում էր ամբոխը։ Վաղաժամ թառամած դեմքերը, կոր մեջքերը, ներս ընկած կրծքերը նրան ներշնչում էին կարեկցություն։ Առհասարակ մի ժամ էր նրան պաշարել էին անսովոր մտքեր ու զգացումներ։ Ամբոխի մթին արտաքինի տակ տեսնում էր ավելի մթին հոգեկան աշխարհ, կարոտ լուսո ամենաթույլ շողերին։ Նա մտածում էր. ինչո՞ւ օգնության չգալ այդ խեղճերին։ Այլևս մարդիկ ո՞ր օրվա համար են ուսում ստանում, եթե չեն կարող կամ չեն ուզում ստացած լուսո գեթ թույլ շողերը տարածել այս մութ աշխարհը։
Եվ այստեղ, այդ պահին, նա առաջին անգամ սկսեց նախատել իրեն, որ մինչև հիմա նշանակություն էր տվել ազգերի ու կրոնների տարբերությանը։ Ամաչեց այն բոլորից, ինչ որ գրգռված րոպեներին ասել էր Սմբատին։ Իսկ նա շատ բան էր ասել, շատ վիրավորական խոսքեր։ Ի՞նչ, մի՞թե միայն ինքն էր ասել, առանց որևէ շարժառիթի։ Ո՛չ, ինչո՞ւ է այսքան իրեն մեղադրում, մե՞թե ինքը պակաս է վիրավորվել Սմբատից։