Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլորը ծիծաղում էին, և ամենից ավելի ընկնողները։ Երբեմն այս կամ այն կատակասերն սկսում էր պարել լճակի մեջ, ինքն իրեն ծափահարելով։

— Քաշեք մի կողմ, բանը պրծած է,— հրամայում էր Գասպարը։

Ամբոխը գոռաց.

— Չուպրո՜վը, Չուպրո՜վը։

Կամրջի ծայրին հայտնվեց մի ռուս բանվոր, բարձրահասակ, լայն թիկունքով։ Նա աջ ուսի վրա նստեցրել էր մի հայ բանվորի, ձախի վրա՝ մի լեզգի բանվորի։— Երկուսն էլ հարբած էին և գրկել էին միմյանց։ Չուպրովը խլեց մեկից «հարմոնիան» և սկսեց նվագելով անցնել կամուրջով, իր կապտագույն փոքրիկ ուրախ աչքերը հառած մյուս ափին։ Նրա թևերը հոլանի էին, կուրծքը բաց, կարմիր շիլա շապիկն ուռել էր թեթև քամուց. նա ինքն էլ բավական հարբած էր, բայց հավասարակշռությունը պահում էր։ Այնինչ, կամուրջը չէր դիմանում ծանրությանը։ Չուպրովը ցած եկավ և մի քանի հսկայական քայլեր անելով լճակի մեջ, անցավ իր բեռան հետ մյուս ափը։

Ամբոխը դարձյալ բարձրացրեց աղաղակ.

— Ռասո՜ւլը, Ռասո՜ւլը...

Դա մի բարեկազմ լեզգի էր։ Հասնելով կամրջի մեջտեղը, հանեց պատյանից դաշույնը և սկսեց պարել ոգևորված Չուպրովի հարմոնիայից: Սուրը փայլում էր նրա շուրջը, ծնկների տակ, գլխի վրա, այտերի մոտ։ Մի վայրկյան նա կանգ առավ հոգնած, երերվեց, քիչ էր մնում — ընկնի։ Այդ պահին մի մեծ ձեռ բռնեց նրա ոտներից, մի ուրիշը կռնատակից և, բարձրացնելով նրան, անցկացրեց մյուս ափը։

— Մալադե՛ց Կարապետ,— գոչեց Չուպրովը...

Տարբեր կրոնների, տարբեր լեզուների, տարբեր ցեղերի պատկանող այս երեք բանվորների մեջ կար մի ամենին հայտնի մտերմություն։ Նրանք հռչակված էին իրենց անվախությամբ, վայելում էին բոլոր մշակների հարգանքն ու նախանձը։ Գործի էին գնում միասին, վերադառնում էին միաժամանակ, բնակվում էին միևնույն սենյակում, գիշերում միևնույն թախտի վրա։ Հրդեհների ժամանակ միշտ