Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե՛հ, ուրախացեք,— գոչեց Միքայելը և, դուրս վազելով գոռաց — լռի՛ր, հիմար ամբոխ...

Նախաճաշը տևեց շատ կարճ միջոց. ուտում էին ոտքի վրա կանգնած: Միքայելի տարօրինակ տրամադրությունը խլեց բոլորի ախորժակը: Անտոնինա Իվանովնան դուրս եկավ պատշգամբ, առավ Միքայելի թևը և սկսեց նրա հետ խոսել։

Հյուրերը դուրս եկան բակը։

— Տղերք, դո՛ւրս,— դոչեց Դավիթը,— այժմ պիտի տեսնեմ, ով կարող է գործի գնա...

Ամբոխը միահամուռ հետևեց նրան, դուրս եկավ փողոց։

— Գասպար ապեր,— դարձավ Դավիթը նախկին տանուտերին,— դու հին չոբան ես, այծերին ոչխարներից ջոկիր...

— Աչքիս վրա: Տղերք, էն մեծ տախտակներից երկուսը բերեք այստեղ։

Փողոցում կար մի փոքրիկ և շատ նոսր նավթային լճակ, շրջապատված հողային թմբով։ Գասպարը հրամայեց հաստ ու երկայն տախտակները ձգել մի ափից մինչև մյուսը և ծայրերն ամրացնել հողով ու քարով։ Գոյացավ մի կամուրջ։ Գասպարն ասաց, թե մշակները, բացի թուրքերից, մեկ-մեկ պիտի անցնեն այդ կամուրջով։ Ով ընկավ — հարբած է։

Կատակը շատ դուր եկավ մշակներին, որ իսկույն բարձրացրին անասելի աղաղակ։

— Դե՛հ, մեկ, երկու, երեք,— գոչեց Գասպարը զորավարի եղանակով, և առաջինն ինքն անցավ աջող։

Սկսվեցին ծիծաղ, քրքիջ, հրումներ, ոստոստումներ, բոթոցներ, գոռում-գոչյուններ։ Մեկ-մեկու հետևից մշակները զգույշ անցնում էին կամրջով։ Աշխատում էին չսայթաքել, օրորվելով աջ ու ձախ։ Նրանց սև պատկերներն անդրադառնում էին լճակի անշարժ մակերևույթի վրա, որպես միգային ստվերագծեր։ Ժամանակ առ ժամանակ հարբածները կորցնում էին հավասարակշռությունը, երերվում լարագնացի պես և ընկնում։ Սև հեղուկի թանձր շիթերը բարձրանում էին նրանց անկումից և սփռվում ափերում կանգնածների վրա։