Էր Դավիթ Զարգարյանին, որից հաշիվ անգամ չէր ուզում ընդունել։ Նա ոչ միայն քաղաք չէր գնում, շատ անգամ տնից էլ դուրս չէր գալիս։
«Ինչո՞ւ, ի՞նչ պատահեց այս մարդուն» հարցնում էր մտքում Դավիթը և պատասխանը փորձում էր կարդալ Միքայելի դեմքի վրա։ Ա՜խ, նա կույր չէր և ոչ հիմար. վաղուց արդեն զգում էր, որ Միքայելը հետամուտ է Շուշանիկին, որ օրիորդը ոչ միայն չի քաջալերում նրան, այլև փախչում է նրանից։ Նա մտքում գովում էր իր եղբոր աղջկա հպարտությունը, բայց միևնույն ժամանակ, վախենում էր։ Միքայելը կանանց վերաբերմամբ անզուսպ է, կարող է խիստ միջոցների դիմել՝ մի աղքատ աղջկա անտարբերությունը պատմելու համար։ Ի՜նչ ստորության ընդունակ չէ մի բարոյապես ընկած մարդ, մանավանդ, երբ ձեռքում ունի փողի պես ամենազոր միջոց։ Օ՜օ, ո՛չ, ո՛չ, թող միայն համարձակվի այդ մարդը, Դավիթը կյանքը չի խնայիլ՝ Շուշանիկի պատիվը պաշտպանելու համար։
Բայց գլխավորն այս չէ, կա ավելի լուրջ բան։ Բոլոր նշաններից երևում է, որ Շուշանիկը դեպի մյուս Ալիմյանը տածում է խուլ համակրություն։ Ահա վտանգավորը, ահա ինչի առաջը պիտի առներ ճշմարիտ է, Սմբատն ազնիվ մարդ է, Շուշանիկը խելոք աղջիկ է, բայց ո՞վ կարող է երաշխավորել նրանց զգաստության մասին, եթե հանկարծ համակրությունը փոխվի փոխադարձ սիրո։ Չէ՞ որ այդ հնարավոր է. ինչ անենք, որ Սմբատը հարուստ է, Շուշանիկն աղքատ, այս տեսակ դեպքեր քի՞չ են պատահել։ Պետք է զգույշ լինել, հետևել նրանց...
Դավիթն ուրախացավ, երբ Սմբատը դադարեց այցելեք հանքերը։ Սակայն շուտով զգաց, որ այդ ավելի է ազդում Շուշանիկի վրա։ Նկատում էր, որ օրիորդն օրեցօր թառամում է, մաշվում ու մռայլանում, դառնալով, միևնույն ժամանակ ներվային, դյուրագրգիռ, որպես թոքախտավոր։
Աննան ամեն օր ասում էր.
— Երեխաս մոմի պես հալվում է, աստված սիրես, Դավի՛թ, իմացիր նրա ցավը։
Մի գիշեր Անանն, անդամալույծին ջուր մատուցանելիս,