Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լսեց մյուս սենյակից Շուշանիկի գոռոցը։ Անցավ այնտեղ լամպարը ձեռին, նայեց։ Աղջիկը քնած էր և երազում խոսում էր։ Աննան ցնցվեց, լսելով երազողի բերանից մի քանի անգամ Սմբատի անունը։ Հետևյալ օրը նա տեսածը պատմեց Դավթին և կրկին թախանձեց նրան «իմանալ երեխայի ցավը»։

— Շուշան,— ասաց Դավիթը նույն օրը երեկոյան՝ ընթրիքից հետո․— գնանք սենյակդ, ուզում եմ քեզ հետ մի բանի մասին խոսել։

Շուշանիկը կամեցավ ծալել ձեռի գիրքը և վեր կենալ։ Սարգիսն ընդդիմացավ։

— Չհամարձակվես, կարդա՛ մինչև քնելս...

Եվ մի ժամու չափ անդամալույծ եսամոլը տանջեց անձնվեր աղջկան, մինչև որ նիրհեց նրա քաղցրահնչյուն ձայնի օրորով։

Մտնելով օրիորդի սենյակը, Դավիթը մի հարատև, սուր ու թափանցող հայացք ձգեց նրա վրա։ Եվ սկսելով հեռվից, շատ հեռվից զգուշաբար մոտեցավ էականին։ Սիրող հովանավորի իրավունքով հորդորում էր Շուշանիկին խելքի գալ, դառնալ առաջվանը։ Նա շատ է փոխվել.... էէ՜, մարդ ապահով չէ զանազան «ներելի և աններելի» զգացումներից երիտասարդ հասակում։ Միայն Շուշանիկը չպիտի թույլ տա, որ ծնողներն անիծեն այն օրը, երբ դրվեց իրենց նյութական ապահովության հիմքը, այսինքն երբ հանքերը տեղափոխվեցին։ Սմբատ Ալիմյանը շատ արժանավոր մարդ է, ո՜վ է հակառակում, նրան կարելի է սիրել, բայց․..

— Սպասի՛ր,— ընդհատեց Շուշանիկը, ցնցվելով,— ինչու՞ համար ես այդ ասում...

Դավիթը շարունակեց ավելի պարզ։ Այո՛, Սմբատ Ալիմյանին կարելի է սիրել, բայց ամեն սեր պիտի որևէ արդարացուցիչ հիմք ունենա։ Օօ՜, Շուշան, մի՛ ամաչիր. մի՛ կարմրիր, մի՛ ընդհատիր հորեղբորդ խոսքը։ Նա գիտե, ինչ է խոսում։ Ներիր, որ չի թաքցնում իր կասկածները։ Երբ մեկին սիրում ես հարազատ հոր պես, պարտավոր ես նրա հետ, հարկը պահանջելիս, նույնիսկ խիստ վարվել։ Լսի՛ր, Շուշան, լավ մտածիր, դու հասարակական կարծիքի հետ