վառել էին մի մեծ խարույկ։ Դավիթը կապկապել էր նրան և, տնեցիների օգնությամբ, տանում էր, որ ձգի նրան խարույկի վրա, այրի։
— Հեռացե՛ք աչքիցս, հեռացե՜ք,— գոչեց նա, ցույց տալով երկաթե ամբարները, որ կանգնում էին հուժկու ժայռերի պես։
Այդ օրից միշտ կրկնում էր նույնը, միշտ սոսկալով ցույց տալով գմբեթաձև նավթամբարները, որոնք հալածում էին նրան, որպես չար երազի մարմնացում։ Վերջապես, նրա թախտը տեղափոխեցին։ Այժմ այլևս չէր տեսնում սարսափի առարկան։ Սակայն պարզ օրերին, իրիկնադեմին նրա դիմացի պատի վրա, նկատվում էր մի լայն ստվեր սուր ծայրով, հետո երկրորդը, և հանդարտ, դանդաղ սահում էին առաջ։
— Էլի եկան, անիծվածները,— գոռում էր Սարգիսը, գլուխը ծածկելով վերմակով։
Նա սարսափում էր նավթամբարների ստվերներից անգամ: Նա վախենում էր շոգու աղմուկից, մեքենաների դղրղյունից, շվիկների սուլոցներից, նավթի խշշյուններից։
— Դժոխք է, դժոխք,— գոչում էր նա,— այստեղ դևեր են ապրում...
Նայելով անդամալույծի պլշած աչքերին, Շուշանիկը նրանց մեջ պարզ տեսնում էր խելքի պղտորում։ Նա վախեցած փախչում էր յուր սենյակը և այնտեղ աշխատում ընթերցանության մեջ խեղդել սոսկալի մտորումները։ Բայց քայքայված հոգեկան հանգիստը չէր վերականգնվում, և նրա պայծառ ճակատի վրա վիշտը փորում էր վաղաժամ ակոսները։
Մի երեկո Դավիթը նրան կանչեց գրասենյակ և ասաց, թե քաղաքից Անտոնինա Իվանովնան ուզում է խոսել նրա հետ։ Նա առավ տելեֆոնի փողը, դրեց ականջին։
— Այդ դո՞ւք եք, օրիորդ,— ճանաչեց նա տիկնոջ ձայնը։
— Ես եմ։
— Խնդրեմ վաղը գաք քաղաք ինձ մոտ, կարևոր գործ ունիմ։
— Չեմ կարող, տիկին, վախենում եմ հորս մենակ թողնել: Նա միայն ինձ տեսնելիս է հանգստանում: