Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աղաչում եմ, գոնե մի ժամով եկեք, եթե մի փոքր հարգում եք ինձ։

Ճար չկար, Շուշանիկն այլևս չկարողացավ մերժել։

Հետևյալ օրը նա առավոտը գնաց երկաթուղով քաղաք մի մեքենավարի ուղեկցությամբ։ Առաջին անգամ ոտ դնելով Ալիմյանների տունը, օրիորդը շփոթվեց, այլայլվեց։ Նա վախենում էր հանդիպել Սմբատին և բարեբախտաբար չհանդիպեց։

— Սիրելի՛ս,— դիմավորեց նրան Անտոնինա Իվանովնան յուր բնակարանում,— շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Ես կամենում եմ ձեզ հետ խոսել մի ձեռնարկության մասին։

Նա ասաց, թե Միքայելից իրավունք է ստացել մշակների համար բանալ մի գրադարան-ընթերցարան, նաև հիմնել իրիկնային կուրսեր անգրագետ չափահասների համար։ Կուրսերի համար թույլտվություն պիտի ձեռք բերել, իսկ գրադարանի մասին պիտի հոգալ հենց այժմ։ Գործը բավական մեծ է, իսկ ինքը մենակ, խնդրում է Շուշանիկին օգնել իրեն։

— Ուրախությամբ կօգնեմ, ինչով կարող եմ,— հանձն առավ Շուշանիկը։

— Ես արդեն կազմել եմ ռուսերեն գրքերի ու լրագրերի ցուցակը։ Իսկ դուք կազմեցեք հայերեն գրքերինն ու լրագրերինը։ Դուք, իհարկե, գիտեք, թե ինչ գրքեր են հարմար հասարակ ամբոխի ընթերցանության համար։ Կարո՞ղ եք։

— Կփորձեմ հորեղբորս օգնությամբ։

— Այո՛, շատ լավ, ձեր հորեղբայրը հասկացող մարդու է նման։ Նա կարծեմ, ժողովրդական ուսուցիչ է եղել, չէ՞։

— Այո՛։

— Այդ շատ լավ է, շատ լավ։ Նա կհասկանա ժողովրդի մտավոր և բարոյական պահանջները։

Նա առաջարկեց Շուշանիկին կակաո, շարունակ ոգևորված խոսելով յուր ձեռնարկության մասին: Թախանձեց օրիորդին մնալ ճաշին։ Բայց Շուշանիկի հոգին ձգտում էր հանքերը, մերժեց և տիկնոջ աղախնի ուղեկցությամբ շտապեց երկաթուղու կայարանը։

Անտոնինա Իվանովնան շատ ուրախ էր, որ Շուշանիկը հանձն առավ յուր օգնականը լինելու։ Նա հույսով էր, թե աղջիկը կդառնա յուր անկեղծ բարեկամուհին։ Ախ, ի՜նչ