համակրելի և խելոք դեմք ունի, երևում է, որ մտածող ու զարգացած աղջիկ է։ Ի՜նչ անսպասելի գյուտ ասիական երկրում։
Նա այնքան ոգևորված էր, այնքան տրամադիր ներողամիտ և անհիշաչար լինելու, որ երեկոյան առաջին անգամ Սմբատին խոսք տվեց մյուս օրը գնալու նրա մի ազգականի տունը հյուր։ Այդ ազգականը այրի Ոսկեհատի հորեղբոր որդին էր։ Մի խոշոր վաճառական, որ Պարսկաստանի հետ բամբակի և գորգերի առևտուր ուներ։ Ամեն տարի նա տալիս էր շքեղ տոնախմբություն յուր միակ աղջկա ծննդյան տարեդարձի պատվին։
Հետևյալ օրը երկու ժամին տիկինը Սմբատի հետ մտավ մի ընդարձակ հյուրասենյակ, որ կահավորված էր ամենայն շռայլությամբ։ Այստեղ ամեն ինչ կար, բացի ճաշակից ու նրբությունից։ Արդեն հավաքվել էին բավական թվով հյուրեր, և շարունակ գալիս էին նորերը։ Սմբատը ներկայացրեց ամուսնուն բոլորին, որ մեծ մասամբ նրա ազգականներն ու ազգականուհիներն էին։ Շուտով Անտոնինա Իվանովնան շրջապատվեց հետաքրքիր տիկինների ու օրիորդների մի խմբով։ Սկսեցին կշտամբել իրանց «հարսին», որ ճգնավորի կյանք է վարում, ոչ մի տեղ չի երևում, «մարդու տեղ չի դնում» ազգականներին։ Անտոնինա Իվանովնան պաշտպանվում էր, որքան կարող էր։ Այս անծանոթ շրջանում, ուր խորին ասիական տարազների հետ խառնվել էին եվրոպական վերջին տարազի զգեստները, նա զգում էր իրան մի տեսակ քաոսի մեջ։ Չգիտեր ինչ խոսեր, ինչպես պահեր իրեն, ինչով հետաքրքրեր իրան զբաղեցնողներին։
Փոքր առ փոքր շրջապատոողները հեռացան։ Նա մնաց մենակ։ Նա այնքան նրբազգաց էր դարձել, որ իսկույն գուշակեց, թե կանայք խումբ-խումբ հավաքված, յուր մասին են խոսում։ Տանտիրուհին, որ երեսուն տարեկան հասակումն էր միայն ասիական տարազը եվրոպականի փոխել, քննադատում էր նրա հագուստն իսկ և գտնում «շատ հասարակ»: Մյուսները սրախոսում էին նրա տարիքի, հասակի, աչքերի ու մազերի գույնի մասին: Կային և պաշտպանողներ, բայց