կահավորել տվեց, իսկ ինքը տեղափոխվեց նոր կառուցված կացարաններից մեկը։
Մի շաբաթ անցած Անտոնինա Իվանովնան երեխաների ու աղախնի հետ գնաց հանքերը։
Շուշանիկն ուրախացավ։ Եվ այդ օրից նրա ու տիկնոջ մեջ առաջացավ բարեկամություն։ Նրանք ամբողջ ժամերով խոսում էին ու խորհրդակցում տիկնոջ ձեռնարկությունների մասին։ Քանդում էին, շինում, օգնում էին, աշխատում, մտածում, զգում ու ապրում։ Երբեմն խոսում էին իրանց անձնականի մասին։ Տիկինը սիրում էր պատմել յուր ուսանողական կյանքից (նա երեք տարի եղել էր Բեստուժյան կուրսերի հաճախորդ)։ Ախ, երանելի՜ ժամանակներ, որ անցաք, գնացիք, ձեզ հետ տանելով ամենավառ հույսեր։ Բայց փույթ չէ. Անտոնինան կաշխատի կորուստը վերադարձնել այժմ, այսուհետև։
Շուշանիկը լսում էր լուռ և ուշադիր։ Հաճելի էր Անտոնինա Իվանովնային նրա հետաքրքրությունը։ Թվում էր նրան, որ յուր զրույցներով ներգործում է մի դեռևս չկազմակերպված հոգու վրա և տալիս նրան յուր ցանկացած ուղղությունը։
Շուշանիկը հարգում էր նրա խելքը, կամքի ուժը, կրթությունը, զարգացումը, բայց մտերմանալ... ոչ... դեռ չէր կարողանում։ Եվ ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով մտերմանալ։ Երբեմն նա խղճում էր տիկնոջը, որ չի սիրվում ամուսնուց։ Ինչո՞ւ արդյոք, կրթված մայր, առաքինի կին, ոչ տգեղ, ոչ հակակրելի, ոչ ծեր — մի՞թե կարող էր կյանքի ավելի լավ ընկերուհի ունենալ Սմբատ Ալիմյանը։ Ա՜խ, չլինի թե այդ մարդու արտաքին շիտակության տակ թաքնված է վատ հոգի։
Մի օր անսպասելի ներս մտավ Սմբատը։ Եկել էր երեխաներին քաղաք տանելու։ Մյուս օրը ծաղկազարդ էր, Ոսկեհատը պահաջել էր, որ առավոտը թոռները եկեղեցի գնան։
Անտոնինա Իվանովնան չհակառակեց, թող տանեն, ո՛ր եկեղեցին ուզում են, միևնույնն է։
Տեսնելով կնոջ սեղանի վրա մի հայերեն ձեռնարկ, Սմբատը վերցրեց թերթեց, նայելով Շուշանիկին, և հասկացավ,