որ օրիորդը դաս էր տալիս Անտոնինա Իվանովնային։ Ոչինչ չասաց. միայն դառն հեգնության ժպիտն աղավաղեց նրա դեմքը։
Հետևյալ օրը երեխաներին հետ բերեց այն միջոցին, երբ դարձյալ Շուշանիկը տիկնոջ մոտ էր։ Օրիորդը կամեցավ հեռանալ։ Տիկինը չթողեց։ Օրիորդն սկսեց խաղալ երեխաների հետ։ Սմբատը գաղտնի դիտում էր նրան։ Ա՜խ, որքա՜ն նրա հեզ կերպարանքը ներդաշնակում է այդ անմեղ զույգին։ Ինչո՞ւ նա չէ նրանց մայրը, նա, որ արյունով ու հոգով մի է Սմբատի հետ։
Եվ այս մտածելով Սմբատը չէր կարողանում հայացքը հեռացնել Շուշանիկից։ Նա ակամա հառաչեց, հիշելով քեռու խոսքը. «ճիպոտդ քոլիցդ պետք է կտրեիր»...
Վերջին ժամանակ նրա մեջ սկսել էր մի նոր հոգեկան փոփոխություն։ Արդեն զգում էր, որ շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում է, անկարելի է, ամոթալի։ Մի՞թե նա պիտի թույլ տա իրեն աստիճանաբար ընկնել ու ընկնել մինչև անդունդ։ Կյանքի ուղին ոտների տակ դառնում է լպրծուն։ Մոռանա՞լ հայրական կտակը — ոչ, մոր վշտերը — ոչ, եղբայրական պարտականությունները — ոչ, զավակների՞ն — մանավանդ ոչ։ Պետք է ուրեմն կանգ առնել և լուրջ խորհել։ Մի՞թե գտավ որևէ սփոփանք այս հյուրանոցային արբեցուցիչ մթնոլորտում։ Այդ շռայլ սեղանները, անքուն գիշերները, ըմպելիքների սուր հոտը, բացի րոպեական թմրությունից, պարգևեցի՞ն նրա հոգուն որոնած անդորրությունը։ Իհարկե ոչ։ Նրա վիշտն անսպառ լավա է. արհեստական պատնեշնե՞րը պիտի կապեն նրա հոսանքը։ Հեռո՞ւ, տկարամտություն, նա չի ուզում վերջապես կործանվել մի սխալի պատճառով։ Թող այս քաղաքում լինի նրա դրությունը բացառիկ, իսկ ուրիշ տեղերում քանի-քանի մարդիկ կան նրա նման։ Ինչո՞ւ նրանք հաշտվել են իրանց սխալի հետ, եթե միայն զգում են այդպիսի մի սխալի հոգեբանական ծանրությունը։ Նա, որ աշխատում էր յուր եղբայրներին բարոյական կորստից ազատել, ի՞նքը պիտի կորչի։ Նա՞, որ ոչ Արշակի պես պատանի է, ոչ Միքայելի պես անզուսպ։ Օ, ոչ, պետք է սթափվե...