Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա տեսնում էր, որ Միքայելը, որին անդառնալի կորած էր համարել հոգու խորքում, օրեցօր դառնում է լրջամիտ. երես դարձնելով քաղաքային կյանքից, կարծես, խորասուզվել է ինքն յուր մեջ և այնտեղ մաքրվում յուր անցյալ կեղտերից։ Ո՞վ է պատճառն այդ արմատական փոփոխության։ Իհարկե, ոչ յուր խրատներն ու քարոզները, այլ ուրիշ, ավելի զորավոր բան։ Եվ մի ներքին ձայն նրան ներշնչում էր՝ «Շուշանիկը»։

Իսկապես Սմբատը մի լուրջ փաստ չուներ, թե կա Միքայելի սրտում սիրո զգացում դեպի այդ աղջիկը, բայց դարձյալ համոզված էր, որ կա։ Է՜է, թող լինի, կնշանակե այն, ինչ որ նրա մեջ ապականել են ուրիշ կանայք, դարմանում և առողջացնում է մի համեստ աղջկա հրապույրը։ Հարկավ պիտի ուրախանալ, որ ախտավոր եղբայրը բարոյապես բուժվում է։ Բայց ինչո՞ւ դարձյալ մի անմիտ նախանձի զգացում հանգիստ չի թողնում նրան։ Միթե ներելի՞ է նախանձել հարազատ եղբորը, միթե առհասարակ վայե՞լ է նախանձը կրթված մարդուն։ Թող սիրեն միմյանց, եթե միայն սիրում են. նա պիտի ուրախանա, պարտավոր է ուրախանալ։ Չէ՞ որ նրա համար ամեն ինչ վերջացած է, և մնում է միայն միշտ կրկնել յուր քեռու խորհրդավոր խոսքը.

— Ինչո՞ւ ճիպոտդ քոլիցդ չկտրեցիր...


III

Սմբատ Ալիմյանը որքան ևս նախապաշարումներից ու սնահավատությունից զերծ լիներ, ուներ նախազգացումներ, որոնց կամա-ակամա հավատում էր։ Երբ նրան հանկարծ տիրում էր տխրություն, գիտեր, որ իրեն սպասում է որևէ ուրախալի լուր։ Ընդհակառակը, երբ զգում էր հոգեկան թեթևություն, գուշակում էր, որ իրեն սպառնում է որևէ անախորժ բան։

Այն օրը հանկարծ նրան պաշարեց ուրախություն։ Նա երգում էր, շվացնում, մոռացած մշտական վիշտը։ Նա