որ իմանա՝ որքան մեծ է ուժը տնտեսական աշխարհում։ Որքա՜ն հետ է մնացել նա. եթե Ալիմյաններից լիովին ստանա բոլոր «պարտքերը», դարձյալ ամբողջ կարողությունը հազիվ կազմի մի միլիոն։ Չնչի՜ն բան այնտեղ, ուր ուրիշները միլիոնը վաստակում են մի շատրվանից...
Դռները բացվեցին, ներս մտավ Մարթան փոքր երեխային գրկած, մեծի ձեռից բռնած։ Երկուսն էլ դեղնած էին, արյունաքամ, հիվանդոտ։ Մեծը, որի վեց տարին շուտով պիտի լրանար, դեռ չէր կարողանում կանոնավոր ման գալ և հազիվ հազ հետևում էր մորը։
— Էլի ինչո՞ւ բերեցիր դրանց,— գոչեց Իսահակը սրտմտությամբ։
— Բերեցի, որ տեսնես ու ուրախանաս, այս րոպեիս մեծի քթից էլի արյուն գնաց։
— Էհ, ես ի՞նչ անեմ, բժիշկ կանչիր։
— Բժիշկ, բժիշկ, տեսնո՞ւմ ես, որ ոչ մի բժիշկ չի օգնում։
— Որ չի օգնում, ես ի՞նչ կարող եմ անել։
— Խորհուրդ են տալիս արտասահման տանել։ Եկ այս տարի տանենք։
— Ի՞նչ, գործերի այս տաք ժամանակը վեր կենամ, արտասահմա՞ն գնամ։
— Գործեր, գործեր։ Չեմ իմանում՝ ո՞ւմ համար ես հավաքում այդ փողերը...
— Հա՜ հա՜ հա՜,— լսվեց Իսահակի չոր ծիծաղը,— ինչ խելոքացել ես, հա՜ հա՜ հա՜։ Ո՞ւմ համար... փառքի համար, սիրելի՛ս, փառքի... Կապրեն երեխաներս,— կուտեն, չեն ապրիլ, աստծու կամքն է, բայց փո՜ղը, փողը միշտ հարկավոր է...
Լսվեց դռան զանգի ձայնը։ Եկողը Սուլյանն էր, որ ներս մտավ ժպիտը երեսին, փոքրիկ աչքերն արագ-արագ ճպճպելով:
Մարութխանյանը նրա միջոցով բանակցություն էր սկսել մի թուրք հանքատիրոջ հետ, որի հանքերն ուզում էր գնել։