Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էհ, նոր խաբա՞ր,— հարցրեց նա, ձեռով նշան անելով հյուրին, որ նստի։

— Պետք է շտապել։ Ուրիշ գնողներ են հայտնվել։ Թուրքը քիթը բարձրացնում է։

— Կշտապենք։ Այսօր կվճռվի։ Ինչ լավ եղավ, որ եկաք. դուք վկա կլինեք մի գործում... Մարթա՛, այ, իմ քեֆի մարդ, այ, իսկական ուսում առած երիտասարդ։ Հասկանում է մեր ժամանակի ոգին։ Հարցրու, նա քեզ կասի մարդիկ ինչու համար են ուզում հարստանալ։

— Միթե տիկինը հերքո՞ւմ է հարստության նշանակությունը։

Փոքր երեխան սկսեց լաց լինել։

— Տար, աստված սիրես, զուռնա լսելու ժամանակ չէ,— ասաց Իսահակը,— բայց սպասիր, թող համբուրեմ... Այսօր առավոտ չեմ համբուրել։

Ամեն առավոտ, տնից դուրս գալիս, նա համբուրում էր երկուսին էլ, և սրանով սահմանափակվում էր նրա ծնողական զգացումը։ Մինչ նա, փոքրիկին գրկած ուզում էր հանգստացնել, որ դադարի լաց լինել, տիկինը ժպտում էր, նայելով Սուլյանին։ Եվ նրա աչքերը պարզ արտահայտում էին ծաղր Իսահակի հայրական փաղաքշանքին դեպի զավակները։

Նա խլեց երեխային ամուսնուց, բռնեց մեծի ձեռից և տարավ նրանց դուրս։

Մի փոքր անցած, ներս մտան Սմբատ ու Միքայել Ալիմյանները։ Սուլյանը, որ դեռ ոչինչ չգիտեր և չէր սպասում յուր պարոններին այստեղ, շփոթվեց։ Մարութխանյանը, թեթև գլուխ տալով, ձեռով նշան արավ հյուրերին նստել, ճիշտ այնպես, ինչպես առավոտը վարվեց նրա հետ Սմբատը։ Թող հասկանան, որ Մարութխանյանն էլ գիտե արհամարհել, երբ կամենում է։

Սմբատն ամեն բան պատմել էր եղբորը։ Ինչ որ Մարութխանյանն ասել էր ծովային սպայի և կոմիսիոների կանանց մասին, ճիշտ էր, Միքայելը հաստատեց։ Բայց նա այդ մարդուց փող, մանավանդ այդքան մեծ գումար, չի վերցրել, այստեղ կա մի դավադրություն...