Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստ՝ նրա դեմքի մի նշանով խեղդել Միքայելին, եթե հարկը պահանջի։

— Այս ստորագրությունները կեղծ չեն,— գոչեց Միքայելն ակամա։

— Տեսար,— դարձավ Մարութխանյանը Սմբատին, առնելով նրանից վերջին պարտաթուղթը։

Մարտիրոսը տիրոջ նշանով դուրս գնաց։ Միքայելը ձեռը սեղմեց ճակատին, սկսեց անցուդարձ անել։ Հերքել անկարելի էր. այդ չորս թղթի տակ էլ ինքն էր ստորագրել։ Բայց ե՞րբ, ի՞նչպես և ինչո՞ւ, ահա հարց։ Նա կանգ առավ գրասեղանի առջև, բութ մատն անխնա սեղմելով ատամների մեջ։ Սմբատն ու Սուլյանը լուռ հետևում էին նրա դեմքի արտահայտությանը։ Թիկն տված բազկաթոռին, Մարութխանյանը ձեռների մեջ խաղացնում էր խալաթի դեղնագույն ծոպերը։

— Աա՜,— գոչեց Միքայելը հանկարծ,— հիմա քիչ-քիչ մտաբերում եմ...

— Ես կարծում եմ,— ասաց պարտատերը հեգնորեն,— երեք հարյուր հազարը հանաք բան չէ...

Նա կամացուկ վեր կացավ տեղից, պարտաթղթերը դրեց սնդուկը։ Մոտեցավ դռներին, նայեց դեպի դուրս, ինչ-որ շշնջաց Մարտիրոսին, որ դրսում սպասում էր, դարձյալ հետ եկավ, նստեց։

— Անազնի՛վ,— արտասանեց Միքայելը։

— Կամաց, քույրդ կլսի, ի՞նչ հարկավոր է գոռալ։

— Անազնի՛վ,— կրկնեց Միքայելը։

— Լսո՞ւմ եք, պարոն Սուլյան, այս է աշխարհս, ա՜յ։ Փող տվողը ե՛ս, նեղությունից ազատողը ե՛ս, անազնիվը ե՛ս, էլ աստծու արդարությունը որտե՞ղ մնաց։

Սուլյանը, որ արդեն հասկացել էր բանի էությունը, աչքերը արագ-արագ ճպճպելով, նայում էր մերթ Մարութխանյանին, մերթ Ալիմյաններին, չիմանալով, ինչպես պահպանել իր հավասարակշռությունը երկու կողմի մեջ։

— Հիմա լսիր, Սմբատ, ինչպես է պատահել բանը,— խոսեց Միքայելը,— միտքս պարզվում է, քիչ-քիչ հիշում եմ բոլորը։