գրելիս՝ կարդում է ու հետո ստորագրում։ Դու չորս պարտաթուղթ ստորագրեցիր և ոչ մեկն էլ չկարդացի՞ր, հա-հա-հա, երեխա մի՛ համարիր այս ուսումնական մարդկանց։ Ինքդ աչքերովդ կարդացիր, որ թղթերից երեքը ստորագրված են Մարկոս աղայի մահից շատ առաջ և միայն մեկն է հետո ստորագրված։
— Այո՛, բայց դու ժամանակն էլ ես խարդախել։
— Հա-հա-հա, ժամանակն էլ եմ խարդախել... Կարելի է ասես, որ ես ե՛ս չեմ, դու դո՛ւ չես, որ այդ մարդու ազգանունը Սուլյան չէ, որ Սմբատ Մարկիչը եղբայրդ չէ... Միխայիլ Մարկիչ, ինչո՞ւ չես ուզում խոստովանել, որ փողի գինը չես իմացել, շպրտել ես աջ ու ձախ։
— Շպրտել եմ, բայց ոչ քո փողերը։ Դատարանը թանաքը քիմիական անալիզի կենթարկի և կտեսնի, որ բոլոր թղթերը ստորագրված են մոտ ժամանակում։
Սուլյանը ներքուստ ծիծաղեց Միքայելի միամիտ սպառնալիքի վրա։
— Էհ,— ասաց Մարութխանյանը,— ուրեմն կդիմենք դատարանին, ինչո՞ւ ենք գլուխ ցավացնում։
Միքայելին ավելի ու ավելի գրգռում էր նրա սառնությունը։ Բայց վճռեց մեղմ խոսել, զգում էր, որ բարկանալը վնասում է գործին։ Եվ, հակառակ հպարտության զգացմանը, սկսեց համոզել անողոք պարտատիրոջը՝ խնայել իրեն, խոստովանել ճշմարտությունը։
Խոստովանել ճշմարտությունը — ահա մի բան, որ երբեք չէր կարող անել Մարութխանյանը։ Գործի սկիզբը դրված էր, մի՞թե հնարավոր էր հետ կանգնել։
Միքայելը խոստացավ վճարել տասը, տասնուհինգ, քսան տոկոս, միայն թե Մարութխանյանը ասի, որ կատակ էր անում, որ ոչինչ ստանալիք չունի։ Պարտատերը շարունակ ժպտում էր հեգնորեն, ուսերը վեր քաշելով։
Միքայելը հուսահատ նայեց եղբոր երեսին, կարծես, հարցնելով, արդյոք դեռ էլի՞ պարտավոր է իրեն զսպել։ Սմբատի դեմքը մռայլվել էր, ինչպես աշնանային գիշեր: Նա ոչինչ չասաց, հայացքը հառեց հատակի մի կետին։
Միքայելը շարունակեց խնդրել պարտատիրոջը, որ իրեն