Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներս վազեց Մարտիրոսը և հետևից բռնեց Միքայելի ձեռները։ Սուլյանը մոտեցավ վիրավորվածին оգնելու։ Ի՜նչ վայրենություն, տեր աստված, ահա ի՜նչ ասել է տգիտություն, անկրթություն։

Վերքը բավական մեծ էր, արյունը չէր դադարում։

Դռների մեջ երևաց տիկին Մարթան։ Մի վայրկյան ապշած նայեց տեսարանին և տեսնելով ամուսնուն արյունաթաթախ, ճչաց ու հարձակվեց նրա վրա։

Միքայելը նայում էր տեսարանին, անշարժ կանգնած։

Մարտիրոսը նրան բաց էր թողել, ուշքի էր բերում տիրոջը։ Լսելով քրոջ հուսահատ ճիչը, ցնցվեց, արձակեց խուլ հառաչանք և ընկղմվեց աթոռի վրա ուժասպառ։

Սմբատը բռնեց նրա թևից, դուրս տարավ։


IV

Փողոցի սառն օդը սթափեցրեց Միքայելին։ Անսահման զղջումից կրծոտում էր շրթունքները մինչև արյուն։ Հարձակվեց մի մարդու վրա, որ որքան վատ, որքան ստոր և անխիղճ լիներ, իր քրոջ ամուսինն էր։ Եվ մի՞թե ասպետություն էր վախկոտի վրա ձեռ բարձրացնելը։

Նրա ականջներին հնչում էր սարսափած քրոջ ճիչը, հետո — անեծքները։ Ինչո՞ւ, ի՞նչ մի մեծ բանի համար։ Փողի՞։ Ի՞նչ ստորություն, ի՜նչ հիմարություն անգամ։ Չէ՞ որ նա ոչինչ չունի, ոչ մի կոպեկ, ի՞նչն էր պաշտպանում։

Բայց, զղջալով հանդերձ, արտաքուստ ցույց էր տալիս, թե դեռ կատաղած է հակառակորդի դեմ։ Սմբատի լռությունը կրկնապատկում էր նրա տանջանքը։ Նա չգիտեր` ինչպես արդարացներ իր վայրենի վարմունքը, բայց և չէր էլ ուզում խոստովանել զղջումը։ Ուրախ կլիներ, եթե Սմբատը հանդիմաներ, պարսավեր, հայհոյեր, նույնիսկ ծեծեր իրեն ինչպես մի վատ, անպիտան երեխայի, միայն չլռեր։

Նա խլեց թևը եղբորից, կանգ առավ, գլուխը հենեց փողոցային լապտերի սյունին, մի ձեռով գրկելով սյունը։ Լսվեց նրա խուլ հեկեկանքը։ Երբեք իրեն այդչափ դժբախտ