չէր զգացել։ Նա ուրախ կլիներ մնալ քաղցած ու մերկ, միայն թե այդպես վայրենի վարված չլիներ նույնիսկ այն մարդու հետ, որ բացարձակ կողոպտում էր նրան, ինչպես երդվյալ ավազակ:
— Գնա՛ իմացիր, ինչպես է վերքը,— գոչեց նա Սմբատին։
— Առաջ հարկավոր է քեզ տուն տանել։ Անցնողներն ուշադրություն են դարձնում։ Նստենք կառք։
— Թող ինձ այստեղ, գնա, ուր ուզում ես։
Նա քայլերն ուղղեց փողոցի մյուս մայթը, որ ծովափն էր։ Սմբատը հետևեց նրան, գրեթե ուժով կառք նստեցրեց և բերեց տուն։ Մինչև կես գիշեր չէր հեռանում նրանից։ Միշտ լուռ էր և չգիտեր` որքան իր լռությամբ տանջում է եղբորը։
— Խոսելո՞ւ ես, թե չէ,— գոչեց, վերջապես, Միքայելը...
— Ի՞նչ խոսեմ։ Այս կարճ միջոցում դու երկու անգամ ծեծվում ես, մի անգամ ծեծում։ Մի՞թե միայն բռունցքն է ազդում մեզ վրա, մի՞թե դեռ այդքան վայրենի ենք։
Սուլյանը լուր բերեց, թե հրավիրված բժիշկը Մարութխանյանի վերքը թեև մեծ, բայց անվտանգ է համարում։ Եթե մոմկալը հատակի տափակ կողմով դիպած չլիներ, վիրավորը չէր ապրիլ։
Ամբողջ գիշեր Միքայելը չկարողացավ քնել։ Մարութխանյանի արյունը հալածում էր նրան, բորբոքում երևակայությունը, ինչպես մի ժամանակ Հաբեթյանի ապտակը։ Ա՜խ, ճշմարիտ, որքա՜ն դեռ վայրենի է։ Եվ դեռ զարմանում էլ է, որ մի հեզ, հրեշտականման էակ ատում, արհամարհում է իրեն։
Հազիվ լույսը բացված, ուղևորվեց հանքերը։ Մի քանի ժամ անցած եկավ Սմբատը։ Առավոտը կանուխ Մարթան արտասուքն աչքերին եկել է, բոլորը պատմել մորը: Այժմ այրին մազերը փետտում է, կուրծքը ծեծում, ողբալով Ալիմյան գերդաստանի բարոյական անկումը։
— Ի՞նչ ես մտածում անել,— հարցրեց Սմբատը, այս բոլորը հաղորդելուց հետո։