Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ ասում էիք, թե Մարկոս աղան, չգիտեմ, տնտեսական այսինչ-այնինչ օրենքներով ուրիշների աշխատանքի վարձն է վայելում։ Հիմա այդ միլիոնները հալալ են։ Կարծում եք, ես ձեզ մեղադրո՞ւմ եմ։ Աստված ոչ անի, ես հիմար չեմ։ Բարեկա՛մ, աշխարհում գողերը երկու տեսակ են. ազնիվ և անազնիվ։ Ազնիվն ինքն է գողանում, անազնիվն ուրիշի գողացածներն է ուտում։ Ես այս ասում եմ հենց այնպես, չնեղանաք... Ուզում եմ ասել, որ բառի իսկական նշանակությամբ ազնիվ վաճառականն այնքան հազվագյուտ է, որքան չգողացող խոհարարը։

Սմբատը տեսնում էր, որ այդ մարդը ոչ միայն չի մեղմանում, այլև հետզհետե ավելի ու ավելի հանդուգն ու աներես է դառնում։ Մնում է մի ելք, թույլ տալ նրան, որ դիմե դատարանին։ Այնտեղ թող գործը վճռվի նրա օգտին։ Միքայելը կհրատարակվի «սնանկ» կամ «անկարող պարտապան», իբրև ոչ-ժառանգ Ալիմյան հարստության, այն ժամանակ Մարութխանյանն ումի՞ց կստանա կես միլիոնը։ Սմբատի՞ց։ Չի տալ և սրանով կպատմի նրան։ Բայց այս միջոցը պիտի առմիշտ վայր գցեր Միքայելի առանց այն էլ արատավորված վարկը։ Մի՞թե կարելի է այդչափ խիստ վարվել հարազատ եղբոր հետ։

Սմբատը հրամայեց գրասենյակում հաշիվ կազմել Ալիմյանների ընդհանուր կարողության մասին։ Հայտնվեց, որ պարտքերը վճարել կարելի է միայն անշարժ կալվածներին ձեռնամուխ լինելով։ Իսկ ծախել կամ գրավ դնել անշարժ կալվածները Մարկոսի կտակով արգելված էր։ Բայց պարտքերը կարելի էր վճարել մաս-մաս մի քանի տարվա ընթացքում։ Վճարե՞լ, արդյոք։ Երբե՜ք։ Սմբատը չի կարող և չի կամենում ենթարկվել պարզ խաբեբայության։ Նա ծաղրի առարկա կդառնա, եթե խաբվելը հայտնվի հասարակության...

Նա սկսեց համոզել Միքայելին, թե միակ ելքը դարձյալ դատարանն է։

Միքայելը մի անգամ ևս դրականորեն հայտնեց, թե վճռել է պարտքերը վճարել։ Թող նրա բաժինն անցնի քրոջ զավակներին, թող ինքն աղքատանա, բավական է որքան