օգտվել է հայրական հարստությունից, այժմ ուզում է յուր աշխատանքով ապրել։
— Տեսնելով համառությունդ,— ասաց Սմբատը,— մարդ կամա-ակամա մտածում է, չլինի՞ թե դու իսկապես պարտական ես Մարութխանյանին։
— Մտածիր, ինչ որ ուզում ես, թող բոլորն այդպես մտածեն, բայց լսի՛ր, Սմբատ, ինձ ոչ միայն հարստությունը, այլ կյանքն էլ է ձանձրացրել... Վե՜րջ տուր այդ անտանելի գործին։
Նա չէր կեղծում, կյանքն այժմ, արդարև, դարձել էր նրա համար մի ծանր բեռ, որ կրում էր ավտոմատի պես։ Բայց անցյալը տակավին հալածում էր նրան, և ոչ միայն յուր տխուր հիշողություններով, այլև կենդանի կապերով։ Նա հանգստություն չուներ ընկերներից, որոնք դեռ հույս ունեին նրան վերադարձնել իրենց շրջանը։ Այս կողմից առանձին ջանք էին ցույց տալիս իրավաբան Փեյքարյանը, իշխան Նիասամիձեն, մանավանդ «Պապաշան»:
— Կա՛ց, մի՛ փախչիր,— բռնեց նրան մի օր պատկառելի ամուրին հանքերի միջին ճանապարհում։
Նա ցած իջավ կառքից մի տափակ դեմքով, դժգույն այտերով, սև միրուքով, մեծ բերանով երիտասարդի հետ։
— Այ տղա, ըըը, գժվե՜լ ես, էդ հի՞նչ ճգնավորութոն ա, վըեր, ըըը...
Նա հայտնեց, որ վաղն արդեն ուղևորվում է արտասահման երկար ժամանակով։
— Եկ ըըը, սատանին նահլաթ ասի, ըըը, միասին քինանք Պարիժ, ըըը...
— Ո՛չ, Պապաշա, չեմ կարող, բարի ճանապարհ քեզ..:
— Ըմբո... Յավաշ, ա տղա, մղդսի Սամսոնի չա՜փ էլ ըըը, չկաս, նա կյամ ա, ըըը, Պարիժ...
Մղդսի Սամսոնը տափակ դեմքով երիտասարդն էր, քաղաքի առաջին հարուստներից մեկը, հայտնի հանքատեր, նավատեր, կալվածատեր։ «Մղդսի» ածականն ստացել էր մի քանի պառավական հատկությունների շնորհիվ, ժլատ էր, չէր խմում, չէր ծխում, ծաղրում էր բոլոր զվարճասերներին...