Շուշանիկը դադարեց այցելել տիկնոջը: Այժմ Անտոնինա Իվանովնան ինքն էր օրը մի կամ երկու անգամ գնում նրա մոտ, սիրտ տալիս, մխիթարում։ Դեռ մի շաբաթ առաջ նրա սրտում կար մի թեթև կասկած Շուշանիկի և Սմբատի վերաբերմամբ։ Այժմ կասկածը ջնջվել էր։ Ա՜խ, այդ աղջիկն այնքան համեստ է և ամոթխած, որ երբեք չի կարող տածել հանդուգն զգացումներ դեպի մի ամուսնացած մարդ։ Ինչո՞ւ չշարունակել կարծել, որ նրա տխրության պատճառը Միքայելն է։ Ինչե՜ր չի կարող անել մի երիտասարդ այդպիսի անցյալով, և ո՞ր համեստ աղջիկն է մեր ժամանակում պատրանքներից ապահով։ Վերջապես, այդ առանձնությունն այս ամայի տեղում....
Երբեմն նա փափագում էր թափանցել Շուշանիկի հոգեկան աշխարհի խորքերը, բայց, զուր, այդ աղջիկն իր անհատական մտորումների վերաբերմամբ այնքան գաղտնապահ էր, որ ժամանակ-ժամանակ շարժում էր տիկնոջ զայրույթը: Եվ այս պատճառով տիկինը չէր կարողանում իմանալ նրա մռայլության հիմքը։
Գրադարան-ընթերցարանն արդեն բացվել էր։ Տիկինը սպասում էր իրիկնային կուրսերի թույլտվության։ Նա տեսնում էր, որ իր գործերը, առանց Շուշանիկի, շատ էլ հաջող չեն ընթանում։ Միայն օրիորդը գիտեր մշակների հետ վարվելու եղանակը, և այժմ, երբ նա տնից դուրս չէր գալիս, շատ քչերն էին գրադարան մտնում` գիրք վերցնելու։ Տիկինն զգում էր, որ նրանց գրավելու ձևը դեռ չի սովորել, և սրա պատճառը բացատրում էր յուրովի։ Նա գործում է խելքով, իսկ Շուշանիկը` զգացումներով։ Այդ աղջիկը, որպես գթության քույր, խնամում է հիվանդներին ու վիրավորներին, կարում ու կարկատում անտուն-անտերների համար, գրում ու կարդում անգրագետների համար ոչ իբրև օգնող, այլ իբրև մերձավոր, արյունակից: Նա երբեք չի մտածում, թե մի որևէ կարևոր գործ է կատարում։ Անում է այն, ինչ որ թելադրում է սիրտը, և անում է այնքան հասարակ, այնքան անփույթ, որքան իր ծնողների, հորեղբոր ու հորաքրոջ համար։ Այնինչ, իր` Անտոնինա Իվանովնայի գործունեության մեջ կա սիստեմ, հաջորդականություն, հասուն