Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա հոգին զգում է ուրիշ զգացումների պահանջ ևս։ Նա փափագում է սիրել և սիրվել։ Սակայն նրա աշխարհայացքը, նրա բարոյական էութունը չեն թույլ տալիս մտածել, թե կարող է սիրել ապօրինի սիրով։ Ահա ինչու, զգալով հանդերձ սիրո փափագ, չի զգում ամուսնական առագաստի դեմ մեղանչելու պահանջ։ Եվ այստեղ մեծ դեր է խաղում անձնասիրությունը, սեփական պատվի զգացումը։ Թող նրան մեղադրեն, որքան ուզում են, և ինչ բանում ուզում են, նա պիտի արդար մնա յուր խղճի առջև։ Բարոյական անարատություն— ահա այն զենքը, որ խելացի կինը չպիտի զոհի որևէ մոլորեցուցիչ զգացման։ Այս զենքով և միայն այս զենքով նա պիտի մաքառի յուր հակառակորդների դեմ...

Մի երեկո նա քաղաքից սպասում էր երեխաներին։ Այժմ նրանց աղախինն էր տանում Ոսկեհատի մոտ և հետ բերում. Սմբատը չէր գալիս հանքերը։ Աղախինը վերադարձավ մենակ։ Անտոնինա Իվանովնան վախեցավ։ Արդեն նա այնքան կասկածամիտ էր դարձել սկեսրի վերաբերմամբ, որ միշտ երկյուղով էր երեխաներին քաղաք ուղարկում։

— Ինչո՞ւ մենակ եկար,— հարցրեց նա, վազելով պատշգամբ։

— Պարոնը հրամայեց թողնել երեխաներին քաղաքում։ Վաղն ինքը կբերի։ Ա՜, տիրուհի, եթե տեսնեիք, պարոնը ինչքան տխուր էր... Ես իսկի նրան այդպես չէի տեսել...

Հասարակ կնոջ պարզ խոսքերը գործեցին անսովոր տպավորություն տիրուհու վրա։ Նրա դեմքը մռայլվեց․ կապտագույն աչքերի մեջ երևաց տարօրինակ թախիծ։

Երեկոն նա անցկացրեց Շուշանիկի մոտ։ Նա տխրում էր առանց երեխաների— այսպես էր ասում ինքը։ Բայց տխրության պատճառը միայն մայրական կարոտը չէր։ Նա հուզված էր և շարունակ խոսում էր յուր ձեռնարկությունների մասին, կարծես, աշխատելով մոռանալ մի միտք, խեղդել սրտում մի զգացում։ Վերջն սկսեց արտահայտել յուր համակրանքը Շուշանիկին։ Խոստովանեց պարզ, թե իսկապես նոր է ճանաչում նրան, թե երբեմն սխալմամբ նրա վերաբերմամբ ունեցել է անտեղի կասկածներ։ Չասաց, թե