Նա առողջ ձեռը փաթաթեց աղջկա պարանոցին, սկսեց հեկեկալ առանց արտասուքի, մի տեսակ մեքենայի պես։ Ազատի՛ր նրան, Շուշան, էլի միայն դու սիրտ ունես, ազատի՛ր։
Հիմա նա առողջ է, բայց մայրդ, հորաքույրդ և այն «չար սատանա Դավիթն» ուզում են նրան կենդանի-կենդանի խորովել, ասում են ավելորդ բերան է։ Այ, դրսում կրակ են պատրաստել։ Է՜է, բայց զուր են սպասում։ Սարգսի խելքը դեռ գլխին է, երբեք ոտը տնից դուրս չի դնիլ, թեկուզ ամբողջ աշխարհը գա։
Բառերը դուրս էին գալիս հիվանդի կոկորդից ուժով։ Նա հազից կապտում էր, խեղդվում։ Նա կատաղեց ինքն յուր դեմ և սկսեց երեսը ճանկռտել, մազերը փետտել։ Շուշանիկը չոքեց նրա առջև, բռնեց ձեռը, սեղմեց յուր ձեռների մեջ և սկսեց աղերսել, որ հանգստանա։ Փոքր առ փոքր նրա մեղմիկ հորդորների ազդեցությամբ հիվանդը լռեց, հանդարտվեց, թեյ պահանջեց։
Այդ միջոցին կից բնակարանում կատարվում էր ուրիշ տեսարան։ Սմբատը երեխաների հետ քաղաքից եկավ բավական կանուխ։ Անտոնինա Իվանովնան վազեց առաջ, գրկեց Վասյային ու Ալյոշային այնպես, որ կարծես, մի ամիս չէր տեսել նրանց։
Սմբատը դիտում էր սրտաշարժ տեսարանը և զսպում հառաչանքը, չէ՞ որ կարող էր բախտավոր ընտանետեր լինել, եթե սիրեր այդ կնոջը և սիրվեր նրանից, մեկ էլ՝ չլինեին այն «նախապաշարումները»։ Անտոնինա Իվանովնայի լուրջ ու մտախոհ ճակատի վրա այսօր նշմարում էր մի նոր մռայլ։ Նրան թվում էր, որ վերջին օրերը կինը տանջվել է բոլորովին մի նոր վշտից, որ, վերջապես, այժմ նա այն չէ, ինչ որ մի ամիս առաջ։ Նա զգաց կարեկցության պես մի բան։ Ախ, այդ կինը մենակ է այստեղ, յուր ծննդավայրից հեռու, մի՞թե վայրենություն չէ նրա հետ այնքան խիստ վարվելը։ Թող նա լինի համառ, բայց ինչո՞ւ չխնայել նրան թեկուզ սոսկ մարդասիրական զգացումներից շարժված։
Մի վայրկյան նա քիչ էր մնում ենթարկվեր սրտի տկարությանը և հաշտության մի խոսք ասեր։ Բայց զսպեց իրան.