երակներով, որոնցից կարծես արյունը պատրաստ էր դուրս ցայտել մի թեթև հպումից։
Սրբազանը հառաչեց շունչ առնելու համար՝ մտքումն անիծելով իր հաստ փորը։ Բայց թո՛ղ շրջապատողները կարծեն, որ այդ հառաչանքը խորին վշտակցության արտահայտություն էր դեպի սգավոր երիտասարդությունը։
Հանդիսավոր թափորը, որի սկիզբը սրբազանն էր, իսկ վերջը մի Տաճկաստանի գաղթական քահանա գորտագույն կարճ փերաջեով, դիմեց դեպի հյուրասենյակ՝ Սմբատի և Uրաֆիոն Գասպարիչի ուղեկցությամբ։ Այստեղ նորին սրբազանությանն սպասում էին այրի Ոսկեհատը, Մարթան և քանի մի ազգական ծեր կանայք։ Բոլորն էլ համբուրեցին սրբազանի աջը և ստացան նրա օրհնությունը։
Տեր-Սիմոնն ու Տեր-Աշոտը սրբազանին բազմեցրին թավշե բազկաթոռի վրա, ուր նա թաղվեց մինչև վեղարի ծայրը, ինչպես մի ձուլածո ռումբ բամբակի մեջ։
— Նորին վեհափառություն Ամենայն Հայոց Հայրապետը,— սկսեց եպիսկոպոսը հանդիսավոր շեշտով,— հաճել է օրհնության կոնդակ հղել առ ձերդ ազնվություն, ազնվազարմ Սմբատ Ալիմյան։ Եկա, որ ձեզ մատուցանեմ սուրբ գիրս այս և իմ կողմից հայրաբար կրկին ու կրկին շնորհակալություն մատուցանեմ հանգուցյալի բարի հիշատակին և ձեզ ևս օրհնեմ հանուն ձեր երջանկահիշատակ ծնողի եկեղեցաշեն և ազգօգուտ նվիրատվության:
Եվ ծոցից դուրս բերելով մի մեծ ծրար, բարձրացրեց վեր և ավելացրեց.
— Կարդացե՛ք, տե՛ր հայրեր...
Միաժամանակ Տեր-Սիմոնն ու Տեր-Աշոտը հարձակվեցին ծրարը խլելու: Տեր-Աշոտն իր հակառակորդից ավելև թեթևաշարժ ու ճարպիկ էր, ուստի նա կարողացավ խլել ծրարը։
— Տեր-Սիմոն, դու կարդա, քո ձայնը բամբ է,— հրամայեց սրբազանը։
Տեր-Աշոտը, շրթունքները կրծոտելով, ծրարը հանձնեց իր հակառակորդին։
Տեր-Սիմոնը կարդաց։ Այրին սկսեց լաց լինել նրան