հետ, կբացատրե բոլոր հանգամանքները և կհամոզե, որ չի կարող հոր վերջին ցանկությունը չկատարել։ Իսկ այսօր պետք է ընդունել թեմական առաջնորդին, որ ցանկություն է հայտնել «սգավորին անձամբ մխիթարելու»։
— Մարդ է ուղարկել խնդրելու, որ տանն սպասես,— դարձավ նա քեռորդուն։
Արդարև, մի ժամ անցած, սպասավորը հայտնեց, թե եպիսկոպոսն արդեն իջնում է կառքից։
Նորին սրբազանության մուտքը հանդիսավոր էր։ Գալիս էր ինչ-որ մի երիտասարդ վարդապետի, քաղաքի բոլոր քահանաների և երկու երեսփոխների ուղեկցությամբ, կարծես ցույց տալու համար իր դիրքի բարձրությունը։ Երկու հակառակորդները — կարմրերես, ամրակազմ, սև ու փայլուն միրուքով Տեր-Սիմոնը և նիհար դեմքով, վտիտ մարմնով, ակնոցավոր Տեր-Աշոտը, սրբազանի թևերի տակ մտած, օգնում էին նրան բարձրանալու գորգերով ծածկված սանդուղքը։
Ճիշտ հիսունհինգ տարեկան էր սրբազանը, միջահասակ, գեր, պարարտ, կլորիկ։ Ինչպես լավ կերակրված մի խոզ։ Նրա մսալի ու լայն երեսը ձգել էր վար մինչև կուրծքը մոխրագույն միրուքը, որ թևատարած բազեի էր նմանվում։ Փայլուն մետաքսե վեղարի տակից երևում էին մի զույգ խիստ շարժուն աչքեր, ուռած ու կարմիր կոպերով, որոնց մի մասը ծածկված էր խիտ ու երկայն հոնքերով։ Հաստլիկ և ծայրը մի քանի կոշտ մազերով զարդարված քթի աջ ու ձախ կողմերում երևում էին երկու լերդագույն ուռույցներ, որ իբրև թշեր էին։ Դա նրա երեսի միակ մասն էր առատաբույս միրուքից ազատ։ Պարանոցից կախված էր մի ծանրակշիռ ոսկե շղթա, որի վրա հանգիստ բազմած էր մի մեծ ականակուռ խաչ։
Մինչ նա ծանր ու բարակ բարձրանում էր, երկայն արծաթակոթ գավազանի ծայրը զարկելով սանդուղքի աստիճաններին, աչքերը մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ պտտելով, զննում էին հարուստ տան մուտքը:
Սմբատը սանդուղքի ծայրում թեքվեց համբուրելու սրբազանի աջը, որ ծածկված էր մազերով և գծավորված կապույտ-կարմրագույն