Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդ, որին բոլորը կորած էին համարում, հանկարծ, կարծես, մի գերբնական ուժով սկսեց փոխվել։ Նա թողեց անբարոյական շրջանները, հեռացավ բոլորից և ամփոփվեց ինքն իր մեջ։ Առաջվա Միքայելին տեսնողը չի ճանաչիլ այժմյան Միքայելին։ Այժմ նա բոլորովին ուրիշ մարդ է։ Սկզբում, օրիորդ, այս ինձ համար մի առեղծված էր... Այդպիսի արմատական փոփոխություն կյանքումս չէի տեսել ոչ մի մարդու մեջ, շատ-շատ կարդացել էի միայն վեպերում։ Այժմ գործն ինձ համար պարզվում է: Խոսելով Միքայելի հետ, դիտելով հեռվից հեռու, ես այժմ գտնում եմ նրա անսպասելի, կարող եմ ասել, գերբնական փոփոխության հեղինակին... Այդ դո՛ւք եք...

Նա կանգ առավ, որովհետև նկատեց, որ իր խոսքերը խորը ներգործություն են անում օրիորդի վրա։

— Բավակա՜ն է,— արտասանեց Շուշանիկը երերուն ձայնով։

— Ինչո՞ւ ճշմարտությունը թաքցնել, քանի որ ինքներդ էլ զգում եք։ Օրիորդ, դուք ազատեցիք իմ եղբորը, և ես պարտավոր եմ հայտնել շնորհակալություն։ Բայց մի բան. մի՛ թողնեք նրան կես ճանապարհի վրա, շարունակեցեք ձեր բարերար ազդեցությունը... Սիրեցեք նրան...

Շուշանիկը ցնցվեց և, կիսով չափ տեղից վեր կենալով, խորին սրտմտությամբ արտասանեց.

— Պարոն, ի՞նչ իրավունքով եք ինձ վիրավորում...

— Ա՜խ, օրիորդ, ի սեր աստծու, իմ խոսքերը մի՛ ընդունեք վատ մտքով։ Այդ ձեզ չի սազում։ Սիրեցեք Միքայելին, որովհետև նա ձեզ սիրում է խելագարի պես։

Ա՜խ, նրան առաջարկում են սիրել մի մարդու, որի վերաբերմամբ դեռ չի հաղթել սրտում բոլոր զզվանքը։ Եվ ո՞վ է առաջարկում... Մի՞թե այս էր նրա սրտի իղձը։ Ի՞նչ պատասխանել, երբ քո անհուն տենչանքների միակ առարկան, քո երազների կենտրոնը, քո գաղտնի պաշտեցյալը, այժմ, դեմուդեմ նստած, ուրիշի զգացումների թարգման և պաշտպան է հանդիսանում։ Մի՞թե այդ մարդը ոչինչ չգիտե...

Չգիտե՞։ Ո՛չ, Սմբատը կույր չէ։ Եթե չհավատար Միքայելի նախանձին, եթե չհավատար իր նկատածներին և զգացածներին