իսկ, այժմ բավական էին Շուշանիկի ակամա ցնցումները, որպեսզի զգար, թե ում համար է բաբախում օրիորդի սիրտը։
Ա՜խ, նա կարող էր արձագանք տալ այդ աղջկա զգացումներին, նա ինքը շատ անգամ է մտածել նրա մասին։ Բայց ի՞նչ իրավունքով և ի՞նչ նպատակով։ Նա կաշկանդված է հավիտյան և հենց այս պատճառով ժամանակին խեղդեց իր մեջ հղացած համակրության առաջին զգացումները, որպեսզի հետո խեղդելը դժվար չլինի։ Այժմ, իբրև ազնիվ մարդ, պարտավոր է սթափեցնել մոլորված աղջկան։
Եվ նա սկսեց նրբորեն մերձենալ խնդրի այս ամենաէական կողմին։ Նա վճռեց զոհել անձնականը, պաշտպանել Միքայելին։ Միակ միջոցն էր համեմատությունը։ Գովելով եղբորը, նա պիտի նսեմացներ իրեն։ Այսպես էլ արավ։ Հարկավ, թաքցրեց, իրեն նսեմացնելու պատճառը, բայց գիտեր, որ իր խոսքերը կունենան ցանկալի հետևանք։ Միքայելն ընդունակ է սիրել կրակոտ սիրով, չնայելով վատ անցյալին, սիրել ու տանջվել, նույնիսկ զոհվել սիրո անունով։ Դա մի հազվագյուտ հատկություն է, որով այժմ շատ քիչ երիտասարդներ կարող են պարծենալ։ Նրա հոգու մեջ կա մի չապականված անկյուն։ Այնտեղ թաքնված են ավելի խոր զգացումներ, քան մի ուրիշի ամբողջ հոգում։ Հաճախ Սմբատը համեմատում էր իրեն Միքայելի հետ և միշտ նրան է գերազանցություն տալիս։ Ո՛չ, թող չկարծի Շուշանիկը, թե նա կեղծ համեստությունից է ասում այս բոլորը։ Մի մարդ, որ ընդունակ է ծայրահեղ զգացումների, միշտ գերադասելի է մի ուրիշից, որի զգացումները «սառել են վաղուց»։ Նա, որ զգում է — ապրում է և տանջվում. նա, որ մտածում է — նիրհում է։ Բարվոք է վատ անցյալ ունենալ և մաքրել այդ անցյալը ներկայի տանջանքներով, քան ապրել հարթ ու հավասար կյանքով։ Հաճախ պատահում է, որ «լավ սկսողը վատ է վերջացնում, վատ սկսողը — լավ»։
Շուշանիկը լսում էր լուռ, աչքերը հառած դեպի անորոշ տարածություն։ Նա գուշակում էր Սմբատի միտքը։ Նա չէր հավատում այդ մարդու կողմնակի ինքնաստորացման անկեղծությանը, բայց զգում էր նրա խոսքերի նպատակը։