Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամավոր իրեն կենթարկի անվերջ տանջանքների՜։ Օ՜օ, ո՛չ, նա այնքան էլ հիմար չէ։ Երեխանե՞րը։ Այո՛, նրանց կարոտն անհաղթելի է։ Բայց..․ Բայց քի՞չ կան մայրեր, որոնք թողնում են իրենց զավակներին ու փախչում սիրականների հետ։ Անուշն էլ կանի, և ինչու՞ չանի, ինչու՞ խավարեցնի իր երիտասարդ կյանքը։ Բավական է, պետք է վերջ տալ այս անօգուտ հառաչանքներին, պառավական «ախ ու վախին», թուլամտության արցունքներին։ Պետք է ապրել, թեկուզ թշնամիների ջգրու։

Եվ Անուշը վճռեց փոքր առ փոքր երևալ հասարակության մեջ։ Թող չկարծեն, թե իրեն բոլորովին մեղավոր է զգում և ամոթից թաքնվում։ Սկզբում նրան թվում էր, որ բոլորն իրենով են զբաղված։ Եվ այսպես էլ էր։ Նախկին բարեկամուհիները և ծանոթներն արհամարհանքով երես դարձրին նրանից։ Սակայն շուտով այս սկսեց նրան ավելի գրգռել և ավելի համարձակ դարձնել։ Աա՜, որ այդպես է, նա բոլորովին ուշ չի դարձնիլ ուրիշների վրա։

Անուշը ծանոթացավ մի շարք երիտասարդների հետ, որոնցից առաջ խորշում էր, ինչպես և բոլոր առաքինի կանայք։ Այդպիսով ուզում էր ցույց տալ արհամարհանք դեպի հասարակական կարծիքը։ Նոր ծանոթները նրան վերաբերվում էին ոչ միայն հարգանքով, այլև մի տեսակ ակնածությամբ։ Ցույց էին տալիս, թե գիտեն նրա տխուր պատմությունը, համարում են նրան բռնակալության զոհ, նույնիսկ հերոսուհի, որի առջև պարտավոր է խոնարհվել «կանանց ազատության» պաշտպան ամեն մի երիտասարդ։

Անուշը հավատում էր նրանց շողոքորթություններին և ավելի ու ավելի սիրտ առնում։ Նա սկսեց պարսավել առաքինի կանանց։ Հավատացեք, աշխարհիս երեսին չկան բարոյական և անբարոյական կանայք, այլ կան խորամանկ և պարզասիրտ կանայք։ Եվ միշտ, միշտ տուժողն անկեղծն է... Իսկ խորամանկը գիտե «իր գործը խելոք տանել»։

Նա բարեկամացավ իր նախկին դիմացի հարևանուհու հետ, որի համարձակությունն այնքան գրգռել էր նրա նախանձը։ Տիկին Վիշնևսկայան — այսպես էր օտարուհու ազգանունը — ուրիշների պես գոռոզ ու մանրակրկիտ չէր կանանց