Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի քեզ նման հիվանդ եղել և ո՞վ չի առողջացել։ Այսօր անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ արտասահման գնալու մասին։

Սակայն ոչ մի բժիշկ և ոչ մի դեղ այլևս չի կարող Արշակ Ալիմյանին ազատել այն բարոյական ախտից, որից առաջացել և այժմ բարդանում էր նրա մարմնավոր ախտը։ Դեղերը ընդունելով հանդերձ, նա շարունակում էր նույն վատ կենցաղը և արագ-արագ քայքայվում ու փտում։ Նույնիսկ Ալեքսեյ Իվանովիչը այժմ հորդորում էր նրան լուրջ դարմանվել, կատարել բժիշկների բոլոր պատվերները։ Բայց զուր։

Այժմ Արշակն ուզում էր առանձին բնակարան վարձել և Էլմիրայի հետ հրապարակորեն կենակցել։ Ալեքսեյ Իվանովիչը, որ ինքն այժմ տեղափոխվել էր հյուրանոց, թախանձում էր նրան այդ չանել։ Նա ասում էր, թե ներկայումս ընդունված չէ սիրուհու հետ մի տան մեջ ապրել, մովե տոն է համարվում։

Արշակը մտավ Քյազիմ-բեգի, Մոսիկոյի, Նիասամիձեի շրջանը, դարձավ նրանց հետ հավասար ընկեր, չնայելով հասակին։ Առայժմ խույս էր տալիս միայն Գրիգոր Հաբեթյանից, վախենալով նրանից։ Բարեբախտաբար, հաստամարմին զվարճամոլը չէր երևում ընկերական շրջաններում։

Այն օրից, երբ քույրը տեղափոխվեց ծնողների տունը, նա փախչում էր հասարակությունից։ Անուշի արատավորված վարկը նրան պատճառում էր ամոթ և ցավ։

Պետրոս Ղուլամյանն ապահարզանի խնդիր էր բարձրացրել, աշխատում էր առաջնորդի միջոցով թույլտվություն ձեռք բերել՝ մի ինչ-որ երիտասարդ ու գեղեցիկ այրիի հետ ամուսնանալու։ Հարկավ, նա պիտի հրապարակորեն ապացուցաներ կնոջ դավաճանությունը։ Բայց ինչպե՞ս. Անուշը չէր ուզում մեղքն իր վրա առնել։ Նա տանջվում էր ամոթից, թող այդ մարդն էլ տանջվի «իր այրիի» համար։

Իսկ Անուշը, արդարև, տանջվում էր, և ոչ միայն ամոթից։ Նրա գլխավոր ցավը Միքայելի անտարբերությունն էր։ Անխի՛ղճ մարդ, դու չգնահատեցիր նրա սերը, թող այդպես լինի։ Նա էլ կաշխատի քեզ մոռանալ։ Դու կարծում ես, նա