— Ամսահաշիվ եմ պատրաստում։
— Շտապու՞մ եք։
— Ուշացել է․ երեկոյան անպատճառ պիտի ուղարկել քաղաք։
— Վաղը կարող եք ուղարկել։ Նստեցեք, մի փոքր խոսենք։
Նա ստիպեց հաշվապահին ճաշել իր հետ։ Նա շարունակ խոսում էր։ Այդ մարդը, որ երբեք անձնականից դուրս մի բանով չէր հետաքրքրվել, գտնվում էր ինչ-որ փիլիսոփայական տրամադրության մեջ։ Դավիթը զարմացած էր և ավելի զարմացավ, երբ նա սկսեց քննադատել հասարակական կյանքի կարգ ու կանոնը։ Առանձնապես հարձակվում էր տնտեսական «անարդար» կազմակերպության վրա։ Ինչու՞ հարյուրավոր մարդիկ աշխատում են մեկին կամ երկուսին կշտացնելու համար, ինչու՞ բնության բերքերը հավասար բոլորին չեն պատկանում։ Ինչու՞, օրինակ, ինքը պիտի այստեղ հանգիստ ճաշի, իսկ այնտեղ, նավթի ու կրակի միջավայրում հարյուրավոր մարդիկ պիտի նրա համար իրենց կյանքը վտանգի տակ պահեն գիշեր-ցերեկ։
— Բայց ո՛չ, ինձ համար չեն աշխատում։ Այժմ ես էլ ձեզ պես մի հասարակ աշխատավոր եմ։ Ոչինչ չունիմ, գիտեք ոչինչ։
Եվ պատմեց, որ ինքն այժմ սնանկ է, զուրկ վերջին կոպեկից։
— Ահա ինչո՛ւ, ուրեմն, դուք այժմ հետաքրքրվում եք դրամից զուրկ մարդկանց կյանքով,— չկարողացավ զսպել լեզուն Զարգարյանը։
— Դուք իրավունք ունիք։ Բայց այդ չէ պատճառը։ Եթե կամենամ, դեռ կարող եմ հարուստ մնալ։ Բայց չեմ ուզում։ Ինձ ամեն ինչ ձանձրացրել է, գիտեք, ամեն ինչ...
Վերջացնելով ճաշը, նա դուրս եկավ մի փոքր զբոսնելու։ Ամեն բան այժմ նրան թվում էր դատարկ, սնոտի, անմիտ։ Զարմանում էր, որ Սմբատն այնպես ամուր է կպել հայրական հարստությանը։ Հիշում էր նրա նամակները, նրա անցյալ գաղափարները և մտքում ժպտում։ Ահա թե որքան զորեղ է դրամի հրապույրը. այն մարդը, որ հոր հարստությունը