Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ժամանակ քիչ էր մնում կողոպուտ համարեր, այժմ դարձել է այդ հարստության ջերմ պաշտպանը։ Էհ, երևի նա ուզում է կատարել հոր կամքը։

Վերադառնալով իր սենյակը՝ նա դարձյալ կանչեց Դավթին։ Այս անգամ նա բաց չթողեց հաշվապահին մինչև ընթրիքը, նաև ընթրեց նրա հետ միասին։

Գիշեր էր։ Նա անկողնի մեջ պտտում էր մի կողմից մյուսի վրա և չէր կարողանում քնել։ Շոգու աղմուկը նրան հիշեցնում էր մշակների դժոխային աշխատանքը։ Նրա աչքերի առջև պատկերանում էին մրոտ ու նավթոտ բանվորների վտիտ դեմքերը, մթին ու մռայլ, ինչպես նավթահորերի խորքը։ Նույնիսկ Չուպրովի, Ռասուլի ու Կարապետի պես առողջ աշխատավորները նրան թվում էին հիվանդոտ։ Մի՞թե այդ մարդիկ սիրտ չունի՞ն, հոգի չունի՞ն, չե՞ն մտածում, չե՞ն զգում, չե՞ն սիրում, չե՞ն ատում, չե՞ն նախանձում։ Մի՞թե մի կտոր հացի հոգսը սպանել է նրանց մեջ բոլոր մարդկայինը և դարձրել նրանց անշունչ մեքենա։ Ինչո՞ւ չհետաքրքրվել այս բոլորով։ Նրա շուրջը ապրում են հարյուրավոր մարդիկ, չարչարվում, տանջվում, իսկ ինքը զբաղված է միայն իր փոքրիկ աշխարհով։ Այդ ի՞նչ է լսվում։ Ա՜ա, Զարգարյանի համարակալի չխչխկոցը։ Խե՜ղճ հաշվապահ, նա մոռացել է քունը և կես գիշերին, կոր մեջքը ծռած, գրում է, ջնջում, հաշվում, թե ինչ է՝ Ալիմյանները պիտի ապրեն ապահով ու անհոգ: Եվ դեռ Ալիմյանները կարծում են՝ մեծ բարություն են անում այդ մարդուն, տալով նրան ամսական մի քանի տասնյակ ռուբլի։ Իսկ այդ աղջի՞կը, որ սովոր էր անհոգ ու ապահով կյանքին։ Այժմ կրում է կամավոր աղախնի կյանք, գիշեր-ցերեկ բևեռված անդամալույծ հոր մահճակալին։ Ինչո՞ւ, ինչով է մեղավոր նա, այդ հեզ ու հպարտ էակը, որի համեստությանը հանդգնեց ձեռնամուխ լինել կյանքի հաճույքներից լիացած մի մարդ։

Ա՜խ, ամոթալի օր, երբեք Միքայելը չի ներիլ իրեն իր այդ անվայել վարմունքը, ամեն բան կների, բացի այդ մեկից։ Այո՛, այդ աղջիկն իրավունք ուներ ասելու, թե միայն հարստությունը ներշնչեց Միքայելին հանդգնություն վիրավորելու նրա ամոթխածությունը։ Բայց թող այդպես լինի։