Այժմ Միքայելն ինքն աղքատ է գրեթե այնչափ, որչափ Դավիթը։ Աղքա՞տ։ Այո՛, իհարկե, աղքատ է։ Վճռված է, ոչ մի կոպեկ հայրական հարստությունից, ոչ մի կոպեկ։ Եվ այդ բոլորի փոխարեն նա միայն մի բան է ցանկանում. ազատվել այդ աղքատ աղջկա արհամարհանքից, համոզել նրան, թե այժմ ինքն էլ զզվում է իր անցյալից։
Փոքր առ փոքր գլուխը հոգնեց ծանր մտքերից, նյարդերը թուլացան և աչքերը փակվեցին։ Երազը ձուլվեց իրականության հետ, Շուշանիկի կերպարանքը պատկերացավ նաև երազի մեջ։ Այժմ նա գտնվում է մի մթին վայրում։ Չորս կողմ մինչև երկինք բարձրանում են ինչ-որ սև ծառեր, սուր գագաթներով, հաստ բներով։ Իսկ այնտեղ, հեռու, շատ հեռու խավարի մեջ պսպղում է մի պայծառ լույս։ Նա ձգտում է դուրս գալ խավարից, դիմում է դեպի լույս։ Բայց ոտները կաշկանդվել են։ Նա ամեն քայլափոխում խրվում է ինչ-որ կեղտոտ տիղմի մեջ, հազիվ կարողանալով ոտքի վրա մնալ։ Իսկ հեռավոր լույսի մեջ պարզվում է հեզ ու հպարտ կերպարանքը, այո, հեզ ու հպարտ, հեզ, իրենից ավելի աղքատների վերաբերմամբ, հպարտ — հարուստների հետ։ Հպա՜րտ. իսկ այդ ո՞վ է։ Սմբատը, մի՞թե նա հարուստ չէ, ինչո՞ւ Շուշանիկը խոնարհվում էր նրա առջև։ Տեր աստված, այդ ի՞նչ է, նրանք գրկվում են, համբուրվում։ Ո՛չ, այդ անկարելի է։ Լույսը մեծացավ, ընդարձակվեց, գույնը փոխեց, շուրջը տարածվեց բոսորագույն շողեր՝ արյունի հեղեղի պես։ Այդ ի՞նչ տարօրինակ ձայն է։ Աա՜, Շուշանիկի հոր աղաղակը։ Ո՛չ, դա մարդկային ձայն չէ, այլ ինչ-որ գազանային մռնչյուն, որին արձագանք է տալիս անտառի խորքերից մի ուրիշը, հետո երրորդը, չորրորդը և ամբողջ անտառը թնդում է այդ մռնչյուններից։
Նա զարթնեց, նստեց անկողնի մեջ, աչքերը տրորեց։ Այդ ի՞նչ է. մի՞թե այդպես շուտ լուսացավ, այդ ի՞նչ բոսորագույն լույս է, որ հեղեղել է նրա սենյակը։ Մռնչյունները շարունակվում են։ Բա՜, այդ հանքային մեքենաների շվիկներն են։ Նրանք արձակում են անսովոր, անհանգիստ սուլոցներ։ Այդպես սուլում են միայն հրդեհի ժամանակ։
Կայծակի արագությամբ նա ցած թռավ անկողնից, մոտեցավ