հետևյալ տեսարանը.— Աննան գրկել էր Շուշանիկին և ճգնում էր անջատել նրան Սարգսից։ Այնինչ՝ անդամալույծն առողջ ձեռը փաթաթել էր թախտի մի ոտին և գոռում էր.
— Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ...
Արդեն քառորդ ժամ էր, որ նրանք կռվում էին, և ոչինչ չէր օգնում։ Կիսախելագարն այժմ հավատացած էր, որ հասել է օրհասական վայրկյանը և ահա նրան ուժով տանում են դուրս՝ խարույկի մեջ ձգելու։
Դավիթը հետ մղեց Աննային, բռնեց Շուշանիկի թևից և մի ուժգին թափով անջատեց նրան Սարգսից։ Պետք էր նախ առողջներին փրկել, ապա հիվանդին, որի կյանքն այլևս արժեք չուներ։ Առանց ուշ դարձնելու Շուշանիկի հուսահատական ճիչերի վրա, նա քաշեց օրիորդին դեպի դուրս։ Բայց դռների մոտ Շուշանիկն ազատվեց, հետ վազեց և նորեն գրկեց հորը։ Այժմ Սարգիսը թավալվել էր հատակի վրա։ Նրա դեմքը կորցրել էր բոլորը, ինչ որ բնական էր ու մարդկային։ Նա մի մարմնացած անասնական սարսափ էր, զոհի մատնված կենդանի, որ անիմաստ աչքերը հառած դահճի երեսին, սպասում է դանակի օրհասական հարվածին։
— Դուք փախեք, ես կբերեմ սրան,— գոչեց Դավիթը։
Եվ ուժով դուրս մղեց Աննային ու Շուշանիկին։
Այդ վայրկյանին դեպի փողոց նայող լուսամուտի ապակիները կրակի ուժից դղրդյունով փշրվեցին։ Ծուխը հեղեղի պես ներս հոսաց։ Աննան դուրս փախավ սարսափի բնազդից դրդված։ Շուշանիկը մնաց անշարժ։
Սկսվեց նորեն մի անօրինակ պայքար երեքի մեջ։ Շուշանիկը ճգնում էր հորը բարձրացնել հատակից, հայրն ամուր կպել էր թախտի ոտներին։ Դավիթն աշխատում էր նրանց անջատել միմյանցից։ Այնինչ, բոցերի առաջին ալիքներն արդեն լիզում էին լուսամուտի առաստաղը, իսկ ծուխը հետզհետե թանձրանում էր ու դառնում հեղձուցիչ։ Դավթի ուժերն սպառվում էին։ Այժմ անդամալույծն ինքն էր գրկել աղջկան իր առողջ ձեռով և այնպես ամուր, որպես երկաթե գոտի։ Այդ միակ ձեռի մեջ էր կենտրոնացել նրա քայքայված կյանքի ամբողջ ուժը, որ այնքան զորեղ է մահամերձի մեջ։ Մնում էր երկուսին միասին քաշել դուրս։ Սարգիսը