կրծոտում էր Դավթի ձեռները, գլուխն ուժգին զարնում էր հատակին, գոռալով.
— Անաստված, ավազակ, մարդասպան, դահիճ, և այլն, և այլն...
Վերջապես, Դավթին հաջողվեց մի կերպ դուրս քաշել երկուսին միասին մյուս սենյակ, երբ անդամալույծի ննջարանի առաստաղն արդեն վառվել էր։ Առաջին վտանգն անցավ, բայց նրանք դեռ ազատված չէին։ Ծուխը մթագնեց նրանց աչքերը։ Ազատվելով հոր երկաթե բազկից, Շուշանիկը գոչեց.
— Դու բռնիր գլխից, ես ոտներից։ Այդպե՛ս... շո՛ւտ... շո՛ւտ... ոչինչ չեմ տեսնում...
Հազիվ նրանք երկու քայլ էին արել, Սարգիսը վերջին թափով ազատվեց նրանց ձեռներից և փռվեց հատակի վրա։ Օգտվելով վայրկյանից, Դավիթը գրկեց Շուշանիկին և բարձրացրեց ուսերի վրա, բայց ծխի թանձրության մեջ չգիտեր որ կողմն են դռները։
Ճիշտ այդ վայրկյանին երկու ձեռներ խլեցին նրանից Շուշանիկին...
Միքայելը չդիմացավ տիկին Աննայի հուսահատական աղաղակներին ու փոքրիկների լացին, վազեց վտանգի վայրը՝ հետ թողնելով Չուպրովին ու նրա ընկերներին։ Նա, այդ եսամոլ, մինչև ոսկորների ծուծն ապականված համարված երիտասարդը դիմեց դեպի մահ՝ կրակի ճանկերից խլելու համար մի աննշան, աղքատ աղջիկ...
Ամբոխը սանդուղքի վրա տեսնելով իր տիրոջը, աղաղակեց ուրախությունից ու հիացումից։ Տասնյակ ձեռներ տարածվեցին առաջ՝ նրա կենդանի բեռը խլելու։ Շուշանիկն ուշաթափվել էր Միքայելի ուսերի վրա և չէր զգում ում ձեռների մեջ է գտնվում իր կյանքը։ Նրա խիտ մազերը հերկալներից ազատվել էին ու թափվել Միքայելի ուսերի վրա, նրա տնային թեթև ու ճերմակ շրջազգեստը մրոտվել էր ու պատառոտվել։ Հոլանի բազուկներն անզոր ընկած էին Միքայելի մեջքի վրա։
Միքայելը ոչ ոքի չտվեց անշունչ մարմինը։ Իջնելով սանդուղքից, մոտեցավ Աննային և Շուշանիկին դրեց նրա ոտների առջև։