Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բուրգն արդեն մերկացել էր։ Ընկավ նրա գագաթին տեղավորված երկաթե անիվը, ընկան կողերի այրվող տախտակները, և օդի մեջ ցցվեցին չորս հսկայական հրեղեն սյուներ։ Այժմ ամբոխը դիտում էր արդյոք ո՞ր կողմը պիտի ընկնեն այդ սյուները։ Մեկը թեքվել էր դեպի ստորերկրյա նավթամբարի կողմը։ Նման դեպքերում հրեղեն սյուները վարի կողմից սղոցում են նրանց անկմանն անվտանգ ուղղություն տալու համար։ Մի խումբ մշակներ, սղոցներով զինված փորձեցին մոտենալ բոցերի ահարկու աշտարակին և հետ ցատկեցին կիզիչ տաքությունից։

Միքայելն ուշադրություն չէր դարձնում հրդեհի վրա, իսկ ամեհի գազանը քանի գնում ուռչում էր ու մեծանում։ Ա՜հ, թող այրվի բոլորը, բոլորն ինչ որ այրվող է, նախ պետք է մարդկային կյանքերն ազատել։

Բոսորագույն լուսո հեղեղի մեջ նա ճանաչեց Անտոնինա Իվանովնային, վազեց դեպի նա և հարցրեց.

— Որտե՞ղ են երեխաները։

— Ուղարկեցի մի ապահով վայր։

— Բայց ինքներդ վտանգավոր տեղումն եք, փախե՛ք։

— Բոլո՞րն էլ ազատված են։

— Դավիթը ներսն է անդամալույծի հետ։

Քրտինքը հոսում էր Միքայելի երեսից։ Հագուստը թրջվել, նավթոտվել էր ու ցեխոտվել ոտքից մինչև գլուխ։ Ոչնչով չէր տարբերվում մշակներից: Հոգնածություն չէր զգում։ Վազում էր մերթ աջ, մերթ ձախ՝ տեսնելու համար՝ որ կողմից պիտի դուրս գա Դավիթն անդամալույծի հետ։ Շուշանիկին ազատելով, զգում էր անձնազոհության մի նոր ավելի զորավոր պահանջ. փրկելով մեկի կյանքը, փափագում էր փրկել և՛ մյուսներին։

Մեկը, ամբոխը ճեղքելով մոտեցավ նրան գունատ, շնչասպառ և դողալով։

Սմբատն էր։

— Մի՛ վախենար,— ասաց Միքայելը,— թե՛ տիկինը և թե՛ երեխաներդ ազատված են։ Ահա տիկինը ամբոխի մեջ է:

Սմբատը մոտեցավ ամուսնուն։ Դավիթը ժամանակին