էր գետնին, կատաղած կրծոտում էր արգելողների ձեռները, որ ազատվի և վազե առաջ ու ընկնե կրակի կոկորդը: Այլևս դա այն ամոթխած, լռիկ աղջիկը չէր։ Մերձավորների վտանգալի վիճակը նրան ներշնչել էր առնական անվեհերություն։ Մերթ կատաղում էր, մերթ անիծում մարդկանց, մերթ աղերսում։ Եվ թվում էր նրան, որ ոչ ոք սիրտ ու խիղճ չունի, ոչ ոք չի կարեկցում նրան։ Ամբոխը, որ այնքան սիրել էր նրան և որին սիրել էր ինքը, նայում էր հուսահատ աղջկան և տեղից չէր շարժվում։ Իսկ կրակն արագ-արագ կլանում էր կացարանը։ Տաքությունն այնքան սաստիկ էր, որ պատշգամբին մերձենալու հնար չկար, ուր մնաց ներս մտնելը։ Նույնիսկ Չուպրովը, Ռասուլը և Կարապետը տատանվում էին, թեև բարի և համակրելի աղջկա աղեկտուր աղաղակները մորմոքում էին նրանց անվեհեր սրտերը։
Անտոնինա Իվանովնան գրկեց Շուշանիկին, բայց ի՛նչպես հանգստացներ մի զգայուն էակի, որի մերձավորներն աչքերի առջև այրվում են և գուցե արդեն այրվել են։
Նայում էր Սմբատի երեսին. մի՞թե չի կարելի որևէ խելացի կարգադրություն անել։ Սմբատը չէր համարձակվում հրամայել մշակներին՝ վտանգն արհամարհել ու նետվել կրակի մեջ։ Գիտեր, որ ոչ ոք չի լսիլ նրա հրամանը և յուրաքանչյուրի համար նախ և առաջ սեփական կյանքն է թանկ։ Մի պահ Շուշանիկի աղերսալի ձայնն այնքան ներգործեց նրա վրա, որ մտածեց. «արժե՞ այսքան ամուր կառչել կյանքին»։ Նա մի վճռական շարժումն արավ դեպի առաջ և նույն վայրկյանին նրա աչքերի առջև պատկերացան որբացած Վասյան ու Ալյոշան, պառավ մայրն արցունքն աչքերին, քույրը, եղբայրները, ամբողջ էգոիզմը մարդկային։ Ահ, ո՛չ, նա ինքնիշխան չէ, նա իրավունք չունի սեփական կյանքի վրա։
— Տղերք,— գոռաց նա բարձրաձայն,— ազատողին հազար ռուբլի...
Դարձվածն անցավ բերանե բերան։ Կիսամերկ և կիսանոթի ամբոխի համար դա մի մեծ հրապույր էր, բայց ոչ ոք չենթարկվեց նրան։