Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տղերք, երկու հազար, երեք հագար...

Դարձյալ աղմուկ, իրարանցում և ոչ մի օգնություն։

Այժմ կարող էր աճուրդը բարձրացնել՝ որքան կամենար։ Ամբոխը մի րոպեում ընտելացավ հրապույրին, մարսեց, բայց չենթարկվեց։ Նա հենց այդ առատ խոստման մեջ զգում էր վտանգի մեծությունը։ Նույնիսկ Չուպրովը հեգնորեն ժպտում էր, ցույց տալով կրակի ահարկու ալիքները:

Հանկարծ ամբոխի օղակից անջատվեց մեկը։ Նա ոտից մինչև գլուխ ներկայացնում էր նավթից ու մրից կազմված մի զանգված։ Վազեց քանի մի քայլ առաջ և, հանդիպելով բոցերի հարվածին, հետ ցատկեց։ Խլեց մի մշակից մի թրջված թաղիք, փաթաթվեց նրա մեջ և, տան շուրջը մի կիսաշրջան անելով, անհայտացավ ծխերի թանձրության մեջ։

Ամենից առաջ Անտոնինա Իվանովնան ճանաչեց նրան, ճչաց և Շուշանիկին ամուր սեղմեց կրծքին։ Քանի մի ակնթարթ անցած ասպարիզում փայլեց Չուպրովի կարմիր շապիկը և նույն վայրկյանին երևացին Ռասուլն ու Կարապետը։

Բայց ինչ էր կատարվում ներսում։

Հանձնելով Շուշանիկին Միքայելի պաշտպանությանը, Դավիթը հետ դարձավ, գրկեց անդամալույծին և ճիգն արավ նրան բարձրացնելու։ Այժմ Սարգիսը փաթաթվել էր Շուշանիկի գրասեղանի ոտքերին։ Այստեղ արդեն մութը փարատվել էր բոցերի լույսից։ Սեղանն ընկավ, բայց Սարգիսը չբաժանվեց նրանից։ Դավիթը քաշեց եղբորը սեղանի հետ միասին մինչև դռները, բայց այդ կողմից այլևս հնար չկար դուրս գալու, իսկ հակառակ կողմն արդեն կրակի մեջ էր։ Մնում էր մի ելք— քաշել Սարգսին ծայրի սենյակը, որ Դավթի ննջարանն էր։ Այնտեղից դեպի հրդեհի հակառակ կողմը կար մի լուսամուտ, փրկության միակ ճանապարհը։ Հարկավոր էր միայն չհուսահատվել և չշփոթվել։ Դավիթը սառնարյուն էր, բայց ուժերն արդեն դավաճանում էին նրան։

Նա Սարգսին մի կերպ պոկեց գրասեղանից և հիշոցների տարափի տակ քաշեց նրան ու տարավ իր սենյակը։ Այդտեղ ծուխը համեմատաբար նոսր էր։ Դավիթը մի փոքր