լինեն։ Դեպի ո՞ր կողմ գնալ.— ա՞ջ, թե ձախ, առա՞ջ, թե հետ։ Մթություն ամենուրեք։
Միքայելն աղաղակեց և իսկույն նրա աչքերի առջև նկատվեցին երեք հսկա պատկեր։ Դարձյալ Չուպրովը, Ռասուլն ու Կարապետը։
Այլևս դժվարություն չկար։ Սարգսի անշունչ մարմինը վերցրեց Կարապետը, Ռասուլն օգնեց Դավթին։ Չուպրովը կամեցավ Միքայելին բարձրացնել իր ուսերի վրա, բայց հետ նայեց ու տեսավ, որ երիտասարդն ընկել է գետին երեսն ի վար և չի կարողանում վեր կենալ։
Նա ոտքի կանգնեցրեց Միքայելին։
— Թևիս ձեռ մի տուր,— ասաց Միքայելը և ինքը հենվեց հսկայի թևին։
Մի րոպե անցած ամենքն արդեն կրակի սահմաններից դուրս էին...
VIII
Հինգերորդ բուրգի սյուներն ընկան մեկը մյուսի հետևից, ճարճատելով և չորս կողմ տարածելով կայծերի հեղեղ։ Ամբոխը ցրվեց մրրկից հալածված փոշու պես։ Նավթի մուգ մեխակագույն ծխին հաջորդեց փայտի կապտագույն ծուխը։ Լուր տարածվեց, թե հինգ մշակներ, բոլորն էլ երիտասարդ, մնացին հրեղեն սյուների տակ ու սպանվեցին։ Սարսափ տիրեց ամենքին, բայց ոչ երկար ժամանակ։ Դժոխային աշխատանքը ծխերի և մրերի գեհենում վաղուց էր բթացրել ամբոխի ներվերը։ Ի՞նչ է նշանակում հինգ մարդկանց մահը կենդանի դիակների աշխարհում։ Այդ արդեն աշխատավորի ճակատագիրն է՝ հալածված ոչ միայն մարդկային ագահության մագիլներից, այլև կույր տարերքների ճիրաններից։
— Էժան պրծանք,— ասաց մի ծերունի մշակ, որի աչքերը վաղուց էին կուրացել անթիվ ոճիրների ու մահերի տեսքից։
Այնինչ այնտեղ, քսան-երեսուն քայլ հեռու արդեն մերկանում է մի ուրիշ բուրգ, հետո, երրորդը, չորրորդը, հինգերորդը