Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անօգնական մերձավորները, այստեղ մոր ու հորաքրոջ հուսահատ պատկերները։ Այնտեղ բոսորագույն կրակն իր բյուրավոր ճյուղերով ու ահարկու լեզուներով, այստեղ սև ուրվականներ է ինչ-որ վայրենի ճիչեր, ինչ-որ գոռում-գոչյուններ, հինգ կիսով չափ այրված դիակներ, մուր, ցեխ, նավթ, կեղտի ու խավարի, կյանքի ու մահվան մի զանգված։ Եվ այդ քաոսի մեջ երկու տարբեր պատկերներ.— մեկը բարձրահասակ, առնական կերպարանքով, քաղաքային մաքուր հագուստով, մյուսը՝ մի միջահասակ, ոտից մինչև գլուխ նավթի, մրի, տիղմի մեջ. մեկն ինչպես արտաքինով, նույնպես և բարոյականով մաքուր, մյուսի անցյալը կեղտոտ, ներկան անորոշ։ Եվ հանկարծ նա, որ բարոյական է, որ մաքուր է, կամաց-կամաց աղոտանում է և չքանում ինչպես միրաժ, իսկ մյուսն արագ-արագ բարձրանում է, մաքրվում իր անցյալի ապականություններից, և ահա երևան է գալիս մի լուսապայծառ մեծության մեջ։

Հոգնած գլուխը թեքվեց կրծքին, ձեռները թուլացան, ընկան վար։ Բայց դեռ հնչում էին նրա ականջներին ամբոխի աղաղակները... Իրականությունը դանդաղորեն աղոտացավ և հետո փոխվեց մղձավանջի։ Վերստին նա կրակների սահմանումն է, ամեն կողմից վտանգով շրջապատված։ Երկնքից թափվում են կայծեր, վայրենի մռնչյուններ արձակելով, և ոտների առջև բացված են մթին գերեզմաններ լի մարդկային կմախքներով, որոնք իրանց ատամնազուրկ բերաններով քրքջում են նրա երեսին և ձգտում են իրանց ոսկրային ձեռներով քաշել վար, վար։ Նա ձեռները տարածած օգնություն է աղերսում և ոչ ոք, ոչ ոք չի գալիս ազատելու, նույնիսկ հորեղբայրը, նույնիսկ մայրը։ Նա դիմում է մեկին, որ կանգնած է հեռու, հեռու և ժպիտն երեսին գրկում ու համբուրում է քովը կանգնած մի կնոջ, այժմ այս սոսկալի պահին․— բայց ահա կեղտերի, մրի ու խավարի քաոսից բարձրանում է մի սև կերպարանք և առաջ շարժվում, մոտենում է նրան։ Եվ որքան մոտենում է, այնքան կերպարանքը լուսավորվում է ու պայծառանում, կարծես բոցերի մեջ կեղտերից լվացվելով։ Եվ երևան է գալիս մի խոշոր սպի ճակատի վրա։ Նա աներկյուղ մի ոստյունով անցնում