է կմախքներով լեցուն գերեզմանները, մերձենում է Շուշանիկին, բռնում է նրա թևից այն վայրկյանին, երբ արդեն զգում էր իրեն կործանված։
Նա զարթնեց սարսափից, ոտքի ելավ, աչքերը տրորելով։ Նայեց շուրջը, ո՞րտեղ է գտնվում, մի՞թե իրականություն է այս, մի՞թե ազատված է։ Ներս մտավ մայրը, որ դեռ դողում էր սարսափից։
— Զարթնեցի՞ր, ինչո՞ւ այդպես շուտ։
— Մի՞թե ես քնած էի…
— Այո՛, շատ խորը… Քնի՛ր, քնի՛ր, զավակս…
— Մամա, մամա, մի՞թե հայրիկս կենդանի է, մի՞թե հորեղբայրս փրկված է,— գոչեց հանկարծ Շուշանիկը և, հեկեկալով, փաթաթվեց մոր պարանոցին։
— Հանգստացի՛ր, սիրելիս, փրկված ենք մենք ամենքս…
— Ոչ, ոչ այն հինգ խանձված ու սևացած դիակները…
— Այն աստծու կամքն էր…
Քաղաքից եկան՝ Արշակը, Ալեքսեյ Իվանովիչը, Քյազիմ-բեգը, Մոսիկոն, Նիասամիձեն և մի քանի ուրիշ զվարճամոլներ։ Նրանք քեֆից էին գալիս։ Փոքրիկ, կեղտոտ սենյակը լցվեց այցելուներով։ Բոլորը լսել էին Միքայելի հերոսության լուրը, որն այժմ քաղաքում բերանե բերան էր անցնում։ Քյազիմ-բեգը գրկեց ու համբուրեց նրան անկեղծաբար. տղամարդու քաջությունը միշտ ոգևորում էր այդ մարդուն։ Նրա օրինակին հետևեց Նիասամիձեն, որ նույնպես հերոսության երկրպագու էր։ Մոսիկոն ասաց․
— Ես հարազատ եղբորս համար կրակի մեջ չէի ընկնիլ…
— Էգոիստ,— գոչեց Քյազիմ-բեգը և նորեն համբուրեց Միքայելին։
Ներս մտավ Սմբատը բժշկի հետ։ Հայտնվեց, որ Միքայելի կուռը չի կոտրվել, այլ ոսկորն է դուրս ընկել տեղից և