խաբուսիկ տեսիլ էր, հայտնվեց վայրկենաբար և շոգիացավ, չթողնելով նրա սրտի վրա և ոչ մի ծանրություն, խղճի վրա և ոչ մի սպի․․․
Շուշանիկը գլուխը թեքեց, ականջ դրեց հոր շնչառությանը, շոշափեց նրա ճակատը, դեռ կյանք կար հյուծված մարմնի մեջ։ Եվ նորեն նա խորասուզվեց իր մտքերի մեջ։ Արդյոք, չի՞ սխալվում, արդյոք, սե՞րը ներշնչեց Միքայել Ալիմյանին այնքան անվեհերություն, այնքան անձնազոհություն։ Անհույս սե՞րը դեպի մի աննշան աղջիկ։ Եթե այդպես է, ուրեմն նա երջանիկ է, այդ աննշան էակը, ուրեմն ճիշտ էին այդ մարդու խոսքերը. «կարող եմ լինել և՛ շատ բարի, և՛ շատ չար, և՛ շատ լավ, և՛ շատ վատ, և՛ շատ երկչոտ, և՛ շատ քաջ»։ Ճիշտ, մի՞թե այսուհետև էլ պիտի կասկածել, մի՞թե նա այդ չապացուցեց իր ասպետական քայլով։ Եվ ահա ինչ. այդ տեսակ մի ապացույցից հետո Շուշանիկը չպիտի՞ զղջա, որ այնպես խիստ վարվեց այդ մարդու հետ, չթաքցնելով նրանից իր ատելությունն ու արհամարհանքը։ Ի՜նչ էր արել իսկապես նա, գրեթե ոչինչ։ Մերձեցավ նրան վատ զգացումներով ու սխալվեց։ Էհ, չէ՞ որ մոլորությունը ոչ ոքի համար խուսափելի չէ, մանավանդ մի երիտասարդ մարդու համար, որին հոռի կանայք իրավունք էին տվել մերձենալ իրենց անմաքուր միտումներով։ Նա հանդիպեց (գուցե կյանքում առաջին անգամ) ընդդիմության և սթափվեց մոլի կրքերից։ Նա զղջաց, նա խոնարհվեց, ներումն խնդրեց։ Նա վարվեց անկեղծ, համարձակ, իսկ ինքը՝ Շուշանիկը արտաքուստ ներողամիտ ձևանալով, չկարողացավ լինել վեհանձն ու մոռանալ նրա սխալը, ատեց հոգու խորքում, հետո արհամարհեց։ Ինչո՞ւ։ Մի՞թե չպիտի պարծենար, տեսնելով իր առջև խոնարհված մի գոռոզ հոգի։ Կույր էր, չկարողացավ տեսնել, որ ինքն անգիտակցաբար ուղիղ ճանապարհի է բերում մի մոլորված մարդու և մաքրում ու զտում է կեղտերից մի ապականված հոգի։ Այո՛, նա ինքը ոչ միայն սխալվեց, այլև գոռոզացավ իր մաքրության մեջ․..
Կես գիշեր էր, և նա դեռ անքուն նստած էր հոր մահճակալի քով։ Սենյակի մի անկյունում, մերկ հատակի վրա հագստով քնած էին նրա մայրն ու հորաքույրը։ Դավիթը քնած