Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր կից սենյակում երեխաների մոտ։ Մահամերձը բաց արավ աչքերը, նայեց շուրջը, Շուշանիկին էր փնտրում։

— Ի՞նչ ես կամենում, հայր,— հարցրեց օրիորդը հանդարտիկ։

Անդամալույծը նայեց։ Նրա աչքերը այս անգամ զարմանալիորեն իմաստալի էին։ Կարծես, մահամերձի ամբողջ հոգին անցել էր այնտեղ, իր վերջին կացարանը։ Նա գլուխը թեքեց Շուշանիկի կողմը, արյունաքամ շրթունքները երկարացնելով։

Շուշանիկը հասկացավ, որ նա ուզում է համբուրվել և ինքը թեքվեց և համբուրեց նրան։ Նա շոշափեց հոր չորացած ձեռները և սարսափած ոտքի ելավ. այլևս անդամալույծի կյանքի վերջին վայրկյաններն էին. նա շտապեց զարթեցնել տնեցիներին։ Մի պահ մահամերձի աչքերը նորեն բացվեցին։ Նայեց քրոջը, կնոջը, եղբորը, և վերջապես, իմաստալի հայացքը սևեռեց Շուշանիկի դեմքին։ Թշվառը չկարողացավ վերջին կամքն արտահայտել, ներումն խնդրել մերձավորներից՝ նրանց պատճառած տվայտանքների համար։ Արդեն նա շատ էր մաքառել մահի դեմ, բայց մեռավ այնչափ հանգիստ, որչափ անհանգիստ ապրել էր յոթ ու կես տարի։ Հոգին անջատվեց քայքայված մարմնից միայն քանի մի թեթև ցնցումներ պատճառելով նրան։ Եվ երբ այրի քույրը թաշկինակը սեղմեց նրա քարացող կոպերին, սենյակն աղմկվեց Շուշանիկի հեկեկանքով։ Կարծես, յոթ ու կես տարվա արցունքները բավական չէին։

Մյուս օրը Սարգսի դիակը տեղափոխեցին քաղաք։ Տիկին Աննան չկամեցավ, որ նա թաղվի առանց պատարագի։ Միքայելը պատվիրեց Դավթին ոչինչ չխնայել թաղման հանդեսը շքով կատարելու համար։ Բայց այրին մերժեց, ի՞նչ կարիք կա, Սարգիսը վաղուց է մեռել։

Հանքերից Շուշանիկը քաղաք եկավ Անտոնինա Իվանովնայի հետ։

— Բավական է Սուսաննա, մի՞թե չեք կարող զսպել ձեր հեկեկանքը,— հորդորում էր տիկինը,— մի՞թե քիչ էր տառապել յոթ տարի․․․ Նա պիտի մեռներ, ուրախ եղիր, որ մեռավ բնական մահով։