Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդ, ոչ ոք և ոչինչ չէր կարող անել այն, ինչ որ դուք արիք ինձ համար, դուք՝ ձեր մեջ թաքնված այն խորհրդավոր զորությամբ, որը ես չեմ կարող բացատրել։ Դուք վերջ տվեցիք իմ կյանքի խավարին, կրակների միջով ինձ տանելով մինչև այնտեղ, ուսկից պիտի սկսվի ինձ համար մի նոր կյանք։ Ես դեռ մաքրված չեմ իմ կեղտերից, բայց համոզված եմ և զգում եմ, որ պիտի մաքրվեմ, պիտի զտվեմ, եթե դրա համար հարկավոր լինի անցնել նոր կրակների ու վտանգների միջով։

Նա լռեց, առողջ ձեռով շփեց ճակատը։ Արդեն նրանք հասել էին մի վայր, ուր ապահով էին անհամեստ աչքերից։ Շուշանիկին երազ էր թվում և՛ այն, ինչ որ լսում էր, և՛ այն, ինչ որ զգում էր։ Նա չէր վստահանում ուղիղ նայել Միքայելի աչքերին, բայց զգում էր, որ այժմ այլ է այդ աչքերի արտահայտությունը, ինչպես այլ են այդ ձայնի հնչյունները։ Ո՛չ, դա նախկին Միքայել Ալիմյանը չէ, նա, որից փախչում էր։ Ո՛չ, այն չկա այլևս, անհետացավ, և այժմ նրա առջև կանգնած է մի բոլորովին ջոկ մարդ։ Իսկ նա, այն մյուսը, որ դեռ մի ամիս առաջ լցրել էր նրա երևակայությունը և այնպես գերել նրա հոգին։ Այն էր երազ, այն էր խաբեություն, իսկ այս իրականություն է, պարզ, անհերքելի իրականություն։ Նա լսում է շոշափում է բուն տղամարդու մերձավորությունը։

Եվ նա լռին հեզությամբ թեքեց իր գլուխը, թույլ տալով Միքայելին իրեն համբուրել։

Երկինքը գունատվեց, հորիզոնի վրա պարզվեց կիսալուսինը։ Զմայլելի երեկո մի երջանիկ զույգի համար։

Մի քանի րոպե անցած Միքայելը մոտենում էր իր օթևանին ուրախ, բախտավոր, սիրտը լեցուն բուռն զգացումներով։ Զգացումներ, որոնք այլևս արձագանք էին գտել այն էակի սրտում, որի պատճառով նա այնքան տանջվում էր և որի շնորհիվ իրեն մաքրված էր զգում։

Իսկ այնտեղ, պատշգամբի ծայրում Շուշանիկը, փաթաթվելով մոր պարանոցին, հեկեկում էր, արտասանելով․․․

— Մայրիկ, ես երջանիկ եմ... մայրիկ, ես առաջ անբախտ էի, այժմ երջանիկ եմ...