I
Մի ականատես պառավ պատմում էր, թե այն օրը սոսկալի էր, երբ աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը։ Իբրև թե երկինքը անընդհատ որոտում էր, երբեմն մռնչում ամեհի գազանի պես, մթին ամպերը, ղեկը կորցրած նավերի նման, երերվում էին, չգիտենալով ուր գնալ և ինչպես: Սակայն անձրև չէր տեղում և չտեղաց ամբողջ օրը։ Երկիրը խավարվել էր, ինչպես մորեխի ժամանակ, կատաղի հողմերից հալածվող փոշին ոլոր-մոլոր պտույտներ էր գործում ամայացած փողոցներում և քաղաքը նմանվում էր վիթխարի աղորիքի։
Կովկասի աշխարհագրական քարտեզում այդ քաղաքը, հարկավ, ունի իր տեղն ու անունը։ Գնդասեղի գլխիկի չափ մի կետ ցույց է տալիս, թե նա գտնվում է Սև և Կասպյան ծովերի մեջտեղում, Կովկասյան լեռնաշղթայի հարավային ստորոտում։ Իր արտաքին տեսքով, փողոցների նեղությամբ ու ծռությամբ, տների փոքրությամբ, մանավանդ իր ներքին կենցաղով, բնակիչների վարք ու բարքերով, իր անցյալի պատմությամբ, ներկայի կացությամբ, իր խելոք ու հիմար ավանդություններով ու սովորություններով նա այնքան նման է Կովկասի մյուս քաղաքներին, որ հարկ չկա նրա իսկական անունը հիշելու։ Թողեք ուրեմն, նա կրի մի անգործ կատակաբանի հնարած կեղծ անունը — Զիլզիլ: Ես շատ շնորհակալ եմ այդ կատակաբանից, նա ինձ ազատում է