Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բծախնդիր քննադատի հետաքրքրությունից, որ ավելի անտանելի է, քան միջին դարերի հավատաքննությունը և ավելի զազրելի, քան լրտեսությունը կամ անոնիմ նամակներ գրելը։

Վարդան Ահրումյանի ծնունդը կատարվում էր Զիլզիլ քաղաքի կենտրոնում, որ քրիստոնյաների արվարձանը բաժանում էր մահմեդականների արվարձանից. տափակ կտուրով մի հարկանի քարաշեն մի տան մեջ։ Դրսի կողմից այդ տունն ուներ միայն մի լուսամուտ, այն էլ պատսպարված երկաթե ամուր ու թանձր ցանցով և մի ահագին դարպաս, որ միշտ փակ էր երկու հաստ նիգերով և կես փութանոց կողպեքով։ Չորս շարք երկաթե գամեր, որոնց գլուխներն ունեին սունկերի մեծություն, այդ դարպասին տալիս էին հինավուրց դղյակի շուք իրանց ժանգով։ Մռայլությունը կրկնապատկվում էր երկաթե ցանցի վրա նստած քողով ու սարդի խիտ ոստայններով, որոնց մեջ հանգչում էին անթիվ ճանճերի կմախքները։ Նորեկ անցորդը, նայելով այդ տանը, կարող էր կարծել, թե ահա-ահա նրա մի ծայրից պիտի երևա պահապան մի զինվոր, հրացանն ուսին և երկաթե ցանցի ետևից պիտի նայի թշվառ բանտարկյալի կանաչ-դեղնագույն ուռած դեմքը։

Շատ քչերն էին ներս մտնում դարպասի մի թևի մեջ բացված կամարաձև դռնակով, կանխապես զարկելով նրա վրա քաշ արած հաստ ու կեռ երկաթե մուրճը, որ նույնպես ժանգոտվել էր անգործությունից։ Եվ նրանք, որոնք մտնում էին, դուրս էին գալիս ոչ զվարթ դեմքով և միշտ տարակուսորեն շարժելով իրենց գլուխը:

Այդ տանն էր բնակվում Զիլզիլ քաղաքի անվանի վաճառական Աթանես Ահրումյանը, պարսկական վերջին խանի մատակարար Ահրումի թոռը։ Անվանի` ոչ այնքան իր հարստությամբ կամ ծագումով, որքան անմատչելի, ժանտ ու մարդատյաց բնույթով:

Այդ տարօրինակ մարդը խույս էր տալիս հարևաններից, ատում էր ազգականներին (և ուներ իրավունք, որովհետև բոլորն էլ ձրիակերներ էին), իսկ բարեկամներ գրեթե չուներ և չէր էլ կամենում ունենալ։ Սափրիչ Պողոսը, որ կիրակի