Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի բան միայն պարզ էր — Աթանեսի ջերմ փափագը ունենալ վերջապես մի արու զավակ։ Եթե ծնվողն այս անգամ տղա լինի — թող վկա լինի աստված, որ Աթանեսը Գյուլումին կնվիրի մի թանկագին զգեստ, իսկ եթե, տերը մի արասցե, աղջիկ ծնե, կթքի անամոթի երեսին, այնուհետև հաց էլ չի տալ նրան ուտելու, այդ «արգանդը անիծված» կնոջը։

Մի երկարատև ու սուր ճիչ ընդհատեց Աթանեսի մտքերը, հետո լսվեց մի ուրիշ, բոլորովին տարբեր ճիչ, մի արագահոս լաց, նման թակարդն ընկած առնետի ծվծվոցին։ Աթանեսը հասկացավ բանի էությունը։

«Ազատվեց», ասաց նա մտքում, ննջարանի դռներից հեռացավ և ծխամորճը վերցրեց, որ ծխախոտ լեցնե ու ծխե։ Նույն րոպեին ներս մտավ նրա զոքանչը` Ծաղիկը, մեկը Զիլզիլ քաղաքի այն խեղճացած պառավներից, որոնց մեջքը այնքան վաղաժամ կորանում է ասիական հոռի կյանքի ծանրության ներքո։

— Աչքդ լույս, փեսա ջան, կնիկդ ազատվեց աստծու կարողությամբ։

— Ազատվելը գլխին տված, տղա՞ է, թե աղջիկ,— գոչեց Աթանեսը, գրեթե անհամբերությունից հևալով։

— Տղա՛, տղա՛։

Աթանեսը հառաչեց, վերջապես նրա փափագը կատարվեց։

— Դեհ, շնորհակալ եմ, գնա՛ բանիդ,— ասաց նա դարձյալ իր սովորական բարկացկոտ եղանակով։

Պառավը հեռացավ։ Աթանեսը շարունակեց իր անցուդարձը, այս անգամ այնպիսի անկանոն քայլերով, որ նրա երկայն գդակի կոնաձև ծայրը օդի մեջ գծում էր ամենատարօրինակ զիգզագներ։ Կարծես, մարդը հանկարծ հարբեց։ Եվ ինչպես չհարբեր, վերջապես աստված լսեց նրա լռիկ աղոթքները, գաղտնի հառաչանքները և պարգևեց նրան արու ժառանգ։ Այժմ թող նրա թշնամիների (Աթանեսն ամբողջ մարդկությանը իր թշնամին էր համարում) աչքը դուրս գա և լեզուն պապանձվի։ Հե՜, անիծվածներ, դուք հույս ունեիք, որ Աթանես Ահրումյանը անժառանգ կմնա, տունն ու տեղը կընկնի կանանց ձեռքը իր մահից հետո և քար ու քանդ կլինի։ Դե, հիմա լսեցեք ու նախանձից տրաքեցեք...